Բոլորս պետք է օգնենք Փաշինյանին, որովհետեւ նրա չհաջողելն աղետ է լինելու հայ ազգի համար, գերմանական Դոյչե Վելեին տված հարցազրույցում հայտարարել է խոշոր գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանը: Նա ասել է, որ Փաշինյանն, իհարկե, չունի տնտեսական ռեֆորմացիայի փորձառություն, բայց եթե կարողանա համախմբել կոմպետենտ մասնագետների, ապա կարձանագրի հաջողություն: Ռուբեն Վարդանյանը ասել է, որ ներկայում ապրում ենք անհավատալի ժամանակներ, եւ մարդիկ ունեն մեծ հույսեր եւ դրական հույզեր:
 
Թե որտեղից են նման կարճ ժամանակահատվածումՎարդանյանի մոտ ի հայտ եկել ոչ միայն դրական հույզեր, այլ նաև հույսեր՝ դժվար է ասել: Հեղափոխությունից հետո Ռուբեն Վարդանյանը գրեթե ներկա չի գտնվել Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստանում գործարարների հետ կազմակերպվող հանդիպումներին: Մեկ անգամ ներկա գտնվելով նմանատիպ հանդիպմանը՝ Վարդանյանը կոշտ, թեև լավ քողարկված քննադատությամբ հանդես եկավ Փաշինյանի վարած տնտեսական քաղաքականության դեմ: Դրանից հետո նա և Սամվել Կարապետյանը բացահայտ բոյկոտեցին «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա մարաթոնը, այդպես էլ չմասնակցելով Նոր Հայաստանի շենացման գործին: Իսկ այժմ Վարդանյանը կտրուկ փոխել է իր վերաբերմունքը, կոչ անելով աջակցել Փաշինյանին, հառակակ դեպքում՝ պարտվելու ենք բոլորս:
 
Այն, որ դա ճշմարտություն է՝ կասկած չկա, սակայն ուշագրավ է, որ նման ապոկալիպտիկ գուշակություն Վարդանյանն արել էր նաև 2017 թվականին, սակայն՝ Կարեն Կարապետյանի վարչապետության մասով: Այն ժամանակ էլ Կարապետյանի վարչապետությունը Վարդանյանը համարեց Հայաստանի վերջին շանսը: Փաստորեն, դա նախավերջինն էր, իսկ վերջինն արդեն Նիկոլ Փաշինյանի կառավարության հաջողումն է: Ինչո՞վ է պայմանավորված Վարդանյանի տրամադրվածության նման կտրուկ շրջադարձը, արդյո՞ք պատճառը խորհրդարանական ընտրություններում Նիկոլ Փաշինյանի համոզիչ հաղթանակն է: Մյուս կարևոր հարցը կայանում է նրանում, թե արդյո՞ք Ռուբեն Վարդանյանի մեսիջը իր անձնական ուղերձն է Փաշինյանին, որի նպատակը, այսպես ասած, գծի մեջ մնալն է, թե՞ Վարդանյանը արտահայտում է ռուսաստանաբնակ օլիգարխների հավաքական մեսիջը նոր կառավարությանը:
 
Ս.Խաչատրյան