ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին, «Իմ քայլը» և «City of Smile» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհուրդների նախագահ Աննա Հակոբյանի այցը Շվեյցարիայի Համադաշնություն սկսվել է դեկտեմբերի 12-ին Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցի այցելությամբ, որին հաջորդել է Ժնևի հայկական կենտրոնում նրա հանդիպումը հայ համայնքի հարյուրից ավելի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա էր «Ֆրանկ մյուլլեր» գործարանի սեփականատեր Վարդան Սրմաքեշը, Ժնևի Վեբստերի համալսարանի դասախոս Ռուբեն Ինջիկյանը, պատմաբան Վիգեն Չըթրյան և համայնքի այլ հայտնի հասարական մշակութային գործիչներ:
«Իսկ հավատն ամենակարևորն է: Մնացածն, ինչպես ասում են տեխնիկական հարց է՝ օր ու գիշեր քրտնաջան աշխատանք՝ յուրաքանչյուրն իր տեղում և իր չափով, աշխարհասփյուռ հայության ջանքերի մեկտեղում, շատ սեր իրար հանդեպ, մեր դրախտային երկրի հանդեպ, և մենք շատ շուտով աշխարհին նոր անակնկալ կմատուցենք, կզարմացնենք այնպես, ինչպես զարմացրեցինք մարդկության պատմության մեջ թերևս ամենաբարի և սիրառատ մեր հեղափոխությամբ»,- ավելացրել է Հակոբյանը:Հանդիպման ընթացքում տիկին Հակոբյանը պատասխանել է նաև մասնակիցների հարցերին: Ի պատասխան հարցին, թե արդյո՞ք «Իմ քայլը» հիմնադրամը լրագրության ոլորտին առնչվող ծրագրեր ունի, Աննա Հակոբյանը խիստ կարևորել է որակյալ լրատվական դաշտի դերը՝ նշելով, սակայն, որ այս պահին հիմնադրամը լրագրության հետ կապված ծրագրեր չունի: «Բայց շատ կցանկանամ, որ ապագայում մեր լրագրողների համար ստեղծենք հնարավորություն՝ վերապատրաստվելու արտասահմանյան հայտնի լրատվամիջոցներում»,- նշել է նա:
Հարցին, թե ինչով է տարբերվում «Իմ Քայլ» հիմնադրամը նմանատիպ այլ հիմնադրամներից, այդ թվում՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամից, պատասխանել է «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը՝ ընդգծելով, որ «Հայաստան» հիմնադրամը պետական է և զբաղվում է ենթակառուցվածքների վերանորոգմամբ, իսկ «Իմ Քայլը» հիմնադրամի գործունեությունն ուղղված է առողջ և ներառական հասարակության զարգացմանը՝ երկարաժամկետ ազդեցություն ունեցող ծրագրերի միջոցով։ Որպես օրինակ նա նշել է հիմնադրամի առանցքային ծրագրերից մեկը, այն է՝ կրթաթոշակներ տրամադրել արտերկրի հեղինակավոր բուհեր ընդունված ուսանողներին, որ հետագայում նրանք իրենց գիտելիքները կիրառեն ի շահ Հայաստանի: