Կառավարության որոշմամբ Կրթության և գիտության նախարարությանը կհատկացվի 11 մլն 604 հազար դրամ:

Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը նշեց, որ միջոցները կուղղվեն մշակութային վայրեր այցելելու աշակերտական աբոնեմենտային համակարգի ստեղծմանն ու ներդրմանը:

«Աբոնեմենտային համակարգը հնարավորություն կտա շուրջ 380 հազար աշակերտի, անկախ սոցիալական կարգավիճակից, բնակության վայրից և մշակութային հաստատության հասանելիությունից, մասնակցել իր համայնքի կամ ցանկացած այլ քաղաքի մշակութային միջոցառմանը։ Ծրագիրը կերաշխավորի դպրոցահասակների մշակութային կրթության իրավունքի իրացման նվազագույն հնարավորությունը՝ միաժամանակ մշակութային հաստատություններին ընձեռելով նոր այցելուներ ունենալու և այլ մշակութային օջախների հետ հավասար մրցակցային պայմաններում մրցակցելու էլ ավելի շատ այցելուների համար»,- ասաց Հարությունյանը՝ ավելացնելով, որ այս ծրագրի արդյունքում գալիք տարվա ընթացքում մշակութային օջախները կունենան 1 միլիոնով ավելի այցելուներ:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կառավարությունը ծրագրի իրականացման նպատակով պետբյուջեով հատկացրել է 400 մլն դրամ, որը արդյունքում հասնելու է մշակութային օջախներին:

Բացի այս, գործադիրը 82 միլիոն 795 հազար դրամ կհատկացնի ԿԳ և Մշակույթի նախարարությունների կողմից համատեղ «Քո արվեստը դպրոցում» և «Դասական երաժշտությունը դպրոցում. «Դաս A» ծրագրերի իրականացման նպատակով, որից՝ 50 միլիոնը «Քո արվեստը դպրոցում» ծրագրի համար, իսկ 32 միլիոն 795 հազարը՝ «Դասական երաժշտությունը դպրոցում. «Դաս A» ծրագրի համար։