Վերջին օրերին մամուլում և փորձագիտական շրջանակներում ավելի ու ավելի հաճախ է բարձրաձայնվում այն միտքը, որ տոնական օրերից հետո կառավարությունը և կենտրոնական բանկը ստիպված են լինելու գնալ ինչ-որ տեղ ցավոտ լուծումների՝ արժեզրկելով դրամը: Խոսվում է դրամի մինչև 20 տոկոս արժեզրկման հավանականության մասին:
Փորձենք հասկանալ ինչն է Հայաստանում հնարավոր ինֆլյացիայի պատճառը և ինչ հետևանքներ կարող է ունենալ կառավարության նման քայլը: Պատճառները, իհարկե, օբյեկտիվ են՝ Հայաստանում կա փողի լուրջ դեֆիցիտ, ներդրումները սպասվածի պես չեն հոսում, դրան է գումարվում նաև ռուսական ռուբլու կրկնակի արժեզրկումը: Եթե ԿԲ-ն գնա նման քայլի, ապա կասկածից վեր է, որ իբրև հիմնավորում մենք կլսենք փաստարկներ, որ դրամի անկումը նպաստում է արտահանման մրցունակության բարձրացմանը, տնտեսական աճին, կայուն աշխատատեղերի ստեղծմանը և պահպանմանը, ինչպես նաև բնակչության կողմից ստացվող տրանսֆերտների գնողունակության աճին։ Դրանք, իհարկե, տնտեսական աքսիոմաներ են, և այո, գուցե արտահանմամբ զբաղվող գործարարները արդյունքում շահած դուրս գան, արտեկրում շահութաբեր պայմանագրեր չկորցնեն:
Ի՞նչ է լինելու Հայաստանի շարքային քաղաքացիների հետ, քանի որ ոչ բոլորն են դրսից տրանսֆերտներ ստանում, հետևաբար ոչ բոլորի գնողունակությունն է բարձրանալու: Ռիսկային գոտում կրկին հայտնվելու են բյուջետային աշխատողները, թոշակառուները: Հարկ է նաև նշել, որ դրամի փոխարժեքի անկումը կնպաստի աղքատության մակարդակի բարձրացմանը, քանի որ Հայաստանում տրված վարկերի 60 տոկոսը դոլարային է։ Հետևաբար, դոլարով վարկ ունեցողներ քաղաքացիները հայտնվելու են ռիսկային տիրույթում՝ ստիպված լինելով վճարել ավելի բարձր տոկոսներ և ավելի բարձր մայր գումար, մինչդեռ աշխատավարձերն այդքան արագ չեն աճելու՝ եթե ընդհանրապես աճեն:
Բացի այդ, պետք է նշել, որ գործարարներն արտահանելիս խնդիրների առջև են կանգնում ոչ թե դրամի, այլ արժեզրկված ռուբլու պատճառով, և իրավիճակից դուրս գալու ելքը նոր շուկաներում հայտնվելն է: Դրամի արժեզրկումը կարող է անդառնալի հարված հասցնել բնակչության մեծամասնությանը, հանգեցնել գնաճի: Իսկ գները հայաստանյան իրականությունում առաջին իսկ «հնարավորության» դեպքում անմիջապես բարձրանում են, բայց իրավիճակի փոփոխությունից հետո, որպես կանոն, չեն իջնում...
Ս. Խաչատրյան