«Տվյալ քաղաքացին եկել է ինձ մոտ և նշել, որ ինչ-որ բարեգործական ծրագիր ունի և որոշակի տարածք է հարկավոր, ես նրան հարցրել եմ կարգավիճակի մասին՝ անհատ ձեռնարկատե՞ր է, թե՞ ոչ, նա ասաց՝ այո, սակայն դա արդեն շահույթ հետապնդող մարմին է դառնում և այստեղ ինչ-որ բան արդեն չէր բռնում իրար։ Խնդրել եմ համապատասխան փաստաթղթեր ներկայացնի, ընդամենը սա է եղել, որից հետո նա ոչ մի փաստաթուղթ չի ներկայացրել»,-այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Էմիածնի նորընտիր քաղաքապետ Դիանա Գասպարյանը՝ անդրադառնալով երեկվա մեր հրապարակմանը՝ Էջմիածնի բնակիչ Կարինե Մարտիրոսյանի դժգոհությունների հետ կապված։
Քաղաքապետի խոսքով՝ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան կեղծ օգտատերերի միջոցով տարածում է տեղեկություն, թե ինքը շինարարության կեղծ թույլտվության համար 1500 դոլար կաշառք է վերցրել, ինչին անդրադառնալով, Գասպարյանը խորհուրդ է տվել փաստերի առկայության դեպքում դիմել իրավապահ մարմիններին։
Ինչ վերաբերում է քաղաքացու և քաղաքապետի՝ չստացված հանդիպմանն ու վերջինիս «փախուստին», Դիանա Գասպարյանը պարզաբանեց․ «Ես ունեմ քաղաքացիների ընդունելության օր և դրա խախտման դեպքում չեմ կարողանա իմ աշխատանքը կազմակերպել։ Ես տվյալ քաղաքացուն ասել եմ, որ զբաղված եմ և չեմ կարող նրան ընդունել, ինչն անում եմ մյուս բոլոր քաղաքացիների հետ։ Նա հեռվից հեռու բավականին անտակտ ձևով խոսել է իմ հասցեին, ինչին ես պարզապես ուշադրություն էլ չեմ դարձնում։ Այդ կինն իմ նշանակված օրվանից ինչ-որ լարվածություն ունի իմ հանդեպ, կարծում եմ՝ ինչ էլ անեմ, նա խնդիր է տեսնելու դրանում»։
Ի զարմանս մեզ՝ Էջմիածնի քաղաքապետը նկատողություն արեց մեզ՝ ասելով, թե «ամեն քաղաքացու ասած» հրապարակում ենք, իսկ մեր դիտարկմանը, թե յուրաքանչյուր խնդիր բարձրաձայնելն ու այն համակողմանիորեն ներկայացնելը մեր աշխատանքն է, իսկ դրանց լուծումներ տալը՝ իր (իրենց), վերանայված փափուկ տոնով հավելեց․ «Շատ շնորհակալ եմ և սիրով պատրաստ եմ ցանկացած հարցի անդրադառնալ, իմ գործելաոճում ամեն ինչ թափանցիկ է»։
Էջմիածնի քաղաքապետը վերջում նշեց, որ չի պատկերացնում, թե այդ ինչ փաստերի մասին կարող է խոսքը գնալ, որոնք կարող են լինել հակաօրինական։
Արմինե Միքայելյան