LՈւՐԵՐ․com-ը Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գործունեության վերաբերյալ զրուցել է քաղաքական գործիչ, «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանի հետ։
-Պարո՛ն Հայրիկյան, վերջերս անընդհատ Ձեր անվստահությունն եք հայտնում «Փաշինյանի հեղափոխության» վերաբերյալ, օրերս էլ հայտարարեցիք, որ հեղափոխություն չի եղել, ինչու՞ եք այդ կարծիքին։
-Առաջին բանը, որ սովորաբար արվում է որեւէ հեղափոխությունից հետո՝ նախորդ իշխանությունների իշխանազրկումն է, նրանց ստեղծած ապօրինի իրավական ակտերի, մանավանդ՝ Սահմանադրության չեղարկումը եւ դրանց փոխարինումը հեղափոխության ոգուն համապատասխանող իրավաքաղաքական լուծումներով։ Քանի որ իրենց «հեղափոխական» համարողներն անհայտությունից չէին եկել ու նրանց դիրքորոշումը բազում անգամներ անցյալում արտահայտվել էր, ողջախոհ մարդկանց ակնկալիքներն էլ բավական հստակ էին՝ «Սահմանադրությունը Սերժի հագով էր» ազդարարվում, նախագահ Արմեն Սարգսյանը մաֆիայի մաս էր ընկալվում, Ընտրական օրենսգիրքն անարդար ընտրությունների գործիք էր, ԵԱՏՄ-ից դուրս գալը՝ անհրաժեշտություն եւ այլն։ Ուրեմն չարվեց այն նվազագույնը, որը իրավունք էր տալիս այս իշխանափոխության մեջ նաեւ հեղափոխության տարր գտնել։ Ավելի հստակ՝ չեն եղել էական փոփոխություններ ո՛չ արտաքին քաղաքականության ոլորտում, և ո՛չ էլ ներքին։ Կալանավորումներ բոլոր իշխանությունների օրոք են լինում։
-Որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ դրանք իրագործելու համար և ի՞նչ պետք է աներ Փաշինյանը, որ չի արել:
-Սահմանադրությունը չեղարկելու համար «հեղափոխության կանոններով» ընդհանրապես ժամանակ պետք չէր, իսկ նորն ընդունելու համար ժամանակը սահմանված է Սահմանադրությամբ եւ հանրաքվեի մասին սահմանադրական օրենքով՝ նախագիծը ԱԺ ներկայացնելուց հետո երկու ամսվա ընթացքում։ Նախագիծը, որ դեռ 2Օ14-ին էինք ներկայացրել սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացվեց չորս ամիս առաջ։ Սակայն, նա չկամեցավ քաղաքացուն երկրի տերը դարձնող բացարձակ ժողովրդավարության սահմանադրությանը ընթացք տալ՝ տիգտությունից, նախանձից թե այլ բարդություններից՝ միայն ինքը կիմանա։
-Արդեն հստակ վերաբերմունք կա Փաշինյանի գործելակերպի վերաբերյալ արտաքին քաղաքականության մասով. ի՞նչ եք կարծում, ինչի՞ կհանգեցնի այս ամենը եւ դեպի ո՞ւր կտանի Հայաստանը:
-Անարժանապատիվ եւ ինքնամերժ է Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը այս ոլորտում։ Այսինքն՝ ինքը որպես պատգամավոր ստում էր, խաբում իր ընտրողներին, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը ճիշտ քայլ է։ Հեղափոխությունից հետո միջազգային կառույցներում Հայաստանի նախորդ իշխանությունների ոգով քվեարկությունները միջազգային հանրության աչքում նսեմացրին մեր ժողովրդին։ Հայաստանը կարող էր գոնե ձեռնպահ քվեարկել, սակայն քվեարկեց այնպես, ինչպես Սերժ Սարգսյանի օրոք։ Նման անարժանապատիվ դիրքորոշումը միայն վնասաբեր կարող է լինել։ Հեղափոխությունը նաև ոչ մի անդրադարձ չունեցավ Հայաստանի գազամատակարարման անարդարացի պայմանագրերին, ավելին՝ այլընտրանքային հնարավորություններն ընդհանրապես քննարկման առարկա չդարձան այն դեպքում, երբ հարեւան Իրանի աննախանձելի տնտեսական վիճակն այսօր հնարավորություն է ընձեռում գազ ձեռք բերել կրկնակի եւ ավելի էժան գնով։
Կառավարության ծրագրով որոշված, առաջնահերթությոյուն համարված Ընտրական օրենսգրքի փոփոխությունը այդպես էլ չկատարվեց Նիկոլի խուճապային եւ դավադիր իշխանատենչական նկրտումների պատճառով։ Բայց չէ՞ որ այդ ծրագրում ինքն էր գրել, որ անցյալ վատ ընտրության հիմնական մեղավորն այդ օրենսգիրքն էր։ Ընտրությունները, արդարությունը սկսվում են ընտրական համակարգի եւ ընտրական օրենսգրքի արդարությամբ։
-Ի վերջո, ինչպե՞ս եք վերաբերվում Փաշինյանի հեղափոխությանն ու հասարակության մի մասի էյֆորիկ տրամադրվածությանը:
-Հասարակության մի մասը, ինչպես եւ ես, սկզբնական փուլում աջակցում էր և հավատում Նիկոլ Փաշինյանին, բայց ես և այդ մարդիկ որոշ ժամանակ անց տեսանք, որ կարեւորագույն հարցերում նա խոստումնազանց է եւ անում է իր եզրակացությունը։ Այսօր հատուկ արհեստագիտական (տեխնոլոգիական) հնարքներ կան մարդկանց զոմբիացնելու համար։ Դրանք լավագույնս օգտագործվում են Նիկոլի կողմից։ Գուցե իշխանակիրների համար դա լավ է, բայց ընդհանուր ժողովրդի համար՝ ամոթալի եւ անարժանապատիվ։ Մենք հիմա ապրելու ենք անարդար Սահմանադրությունից բխող անարդար ԸՕ-ի միջոցով ձեւավորված «արդար» ԱԺ-ի իշխանության ճիրաններում։ Բա ու՞ր մնաց հիմնական խոստումը՝ քաղաքացուն դարձնել երկրի տերը․․․
Հարցազրույցը՝ Արմինե ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ