Երևանի ավագանին ընդունեց Զորավար Անդրանիկ փողոցի 40/3 հասցեում գտնվող 287 մ2 մակերեսով շինությունը և դրա զբաղեցրած 337 մ2 մակերեսով հողամասը Հայաստանի Հանրապետության հաշմանդամային սպորտի ֆեդերացիա հասարակական կազմակերպությանը նվիրաբերելու վերաբերյալ նախագիծը: Երևանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանը, ներկայացնելով նախագիծը, նշեց, որ այդ շինությունը օգտագործվելու է որպես մարզասրահ հաշմանդամություն ունեցող անձանց համար:
«Այս շենքը նախկինում հանդիսացել է կաթսայատուն , որը սպասարկել է հարակից տարածքներում գտնվող շենքերը, սակայն Խորհրդային Միության փլուզումից հետո արդեն երրորդ տասնամյակն է, որ չի գործում և գտնվում է անբարեկարգ ու վատ վիճակում: Տարածքը նախատեսվում է վերակառուցել և օգտագործել որպես մարզասրահ , որը պետք է գործի հաշմանդամություն ունեցող անձանց համար անվճար հիմունքներով»,- ասաց Ամյանը:
Երևանի քաղաքապետարան է ներկայացվել դոնոր կազմակերպության «Հայ վիրավոր հերոսներ» հիմնադրամի կողմից գրավոր հայտարարություն, որի համաձայն` հիմնադրամը պատրաստակամություն է հայտնել շենքի վերանորոգման, հարդարման և հետագա շահագործման ծախսերը վերցնել իր վրա` 1 մ2 շինության աշխատանքների համար մինչև 200 հազար դրամի չափով, ինչպես նաև հայտնել է պատրաստակամություն սպորտային մարզագույքի, անհրաժեշտ այլ գույքի ձեռքբերման, տարածքի սպասարկման , աշխատավարձի և անհրաժեշտ բոլոր այլ ծախսերը վերցնել իր վրա:
Ամյանի խոսքով՝ բոլոր աշխատանքները կազմակերպելու համար կազմակերպության և դոնորի կողմից պետք է ներդրվի առնվազն 80 միլիոն դրամ:
Որոշումը ընդունվեց 37 կողմ, 7 դեմ և 9 ձեռնպահ ձայներով: