Դեկտեմբերի 20-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին, «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որին մասնակցել են Հիմնադրամի հոգաբարձուներ Վահագն Թեւոսյանը, Լենա Նազարյան, Սերժ Թանկյանը, Վահան Վարդապետյանը, Սառա Անջարգոլյանը եւ Լուսինե Քասարջյանը:

Նիստի սկզբում Աննա Հակոբյանը ողջունել է մասնակիցներին՝ նշելով, որ Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստի նպատակը վերջին ամիսներին Հիմնադրամի գործունեության, մշակված ծրագրերի ներկայացումն ու այս ընթացքում կուտակված հարցերի քննարկումն է:

Հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը ներկայացրել է վեցամսյա գործունեության ֆինանսական հաշվետվությունը, այնուհետեւ Խորհրդի անդամների քննարկմանը ներկայացրել Հիմնադրամի մշակած գործունեության հայեցակարգը: Հոգաբարձուներին ներկայացվել են նաեւ մշակված ծրագրերը, որոնք վերաբերում են սոցիալական ապահովության, առողջապահության, կրթության, բնապահպանության ոլորտներին: Գործադիր տնօրենը նշել է, որ բոլոր ծրագրերի հիմքում լինելու է երկարաժամկետ ազդեցության բանաձեւ:

Հոգաբարձուների խորհուրդը քննարկել է առողջական խնդիրների վերաբերյալ քաղաքացիների անհատական դիմումների հասցեագրման ընթացակարգն ու սկզբունքները: Հիմնադրամի տնօրենին հանձնարարվել է դիմումները դիտարկել խստորեն սահմանված չափանիշներին համապատասխան: Խորհուրդը որոշել է նաեւ Հիմնադրամի գործառնական բյուջեի սահմանաչափերը, քննարկել եւ հաստատել հաստիքացուցակը: