Երեւանի ավագանին այսօր հաստատեց Երեւան համայնքում տեղական տուրքերի 2019 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին՝ Երեւանի ավագանու որոշման նախագիծը: Ըստ այս որոշման՝ փոփոխության են ենթարկվել Երեւանում ոչ հիմնական շենք-շինությունների համար նախատեսված շինթույլտվության տրամադրման համար տեղական տուրքի դրույքաչափերը:
 
Փոփոխության են ենթարկվել նաեւ Երեւանի վարչական տարածքում առեւտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի, վիճակախաղերի կազմակերպման օբյեկտների, խաղատների, բաղնիք-սաունաների՝ ժամը 24:00-ից աշխատելու համար տեղական տուրքերը:
 
Եթե իր այս «կայսերական» ծրագրերի մասին քաղաքապետի թեկնածու Մարությանը հայտներ նախընտրական արշավի ժամանակ, ապա «Իմ Քայլի» հավաքած ձայները դժվար այդքան ռեկորդային լինեին: Իսկ այսօր արդեն, այն բանից հետո, երբ Մարությանն ու իր թիմը բացում են խաղաքարտերը և երևանցիներին ծանոթացնում իրենց իրական ծրագրերի հետ՝ ռեկորդային է արդեն մայրաքաղաքի բնակիչների հիասթափությունը:
 
Էժանացումների, երևանցիների սոցիալական բեռի թեթևացման պոպուլիստական կոչերով իշխանության եկածները այսօր արդեն չեն էլ թաքցնում, որ չեն պատրաստվում զբաղվել երևանցիների խնդիրներով, փոխարենը՝ կարելի է հարցերը լուծել նախորդ իշխանությունների գծած մեխանիզմով՝ տոտալ թանկացումներով լցնել դատարկ բյուջեն և այնուհետև, այդ բյուջեից գումարներ դուրս գրել սեփական թիմակիցների թանկարժեք արտասահմանյան այցերի համար: Իսկ Երևանցիների խնդիրները եթե նույնիսկ լուծվում են՝ լուծվում են հենց իրենց հաշվին: Արդյունքում ո՞վ է տուժում՝ երևանցին: Հետաքրքիր է, նախընտրական շրջանում մահվան վերելակներին վերջ տալու մասին արված խոստումը նո՞ւյնպես այդ մահվան վերելակների պոտենցիալ զոհ հանդիսացող երևանցիների հաշվին են լուծելու…
 
Ս.Խաչատրյան