Վերջին օրերին առավել շատ քննարկվող թեման ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի աթոռն զբաղեցնող քաղաքական ուժերն ու դրանց թեկնածուներն են: Արդեն իսկ կա շրջանառվող երկու անուն՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Մանե Թանդիլյան և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյան:

Սակայն կրքերն էլ ավելի թեժացրեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ «Իմ քայլը» խմբակցության երեկվա նիստից հետո արած հայտարարությունը փոխնախագահի ընտրության վերաբերյալ, ըստ նրա՝ տրամաբանական է, որ ամենամեծ ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչը լինի ԱԺ փոխնախագահ: 

Նախ նշենք, որ Սահմանադրությամբ հստակ ամրագրված է, որ ԱԺ նախագահն ունի 3 տեղակալ, որից մեկը պետք է լինի ընդդիմության ներկայացուցիչ, նույն կանոնակարգ-օրենքով էլ սահմանվում է ԱԺ փոխնախագահների, մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության կարգը:

ԱԺ նախագահն ընտրվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, իսկ փոխնախագահները՝ նիստին ներկաների մեծամասնությամբ: 

Սահմանադրագետ Վարդան Այվազյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում մանրամասնեց, որ կանոնակարգ օրենքով չի ասում, թե որերորդ տեղը գրաված կուսակցության ներկայացուցիչը պետք է լինի ընդդիմության  ներկայացուցիչը:

«Դա փաստացի վերապահված է մեծամասնություն ունեցող քաղաքական ուժին, քանի որ պետք է քվեարկություն լինի, ընդդիմադիր ուժերը կարող են թեկնածություն առաջադրել, իսկ մեծամասնություն կազմող ուժն էլ որ թեկնածուին կաջակցի, նա էլ կանցնի»,- նկատեց սահմանադրագետը:

Վարդան Այվազյանը Փաշինյանի հայտարարությունը մեկնաբանեց որպես սկզբունք առաջադրած մոտեցում, քանի որ նրա խոսքով՝  չկա ո՛չ արգելք, և ո՛չ էլ կանոնակարգ. «Տեղի է ունենում պարզ քվեարկություն, շատ ու քիչ ձայներ ունենալը էական չէ, ԱԺ-ի քվեարկությունն է կարևոր: Այնուամենայնիվ, որոշողը այսպես թե այնպես՝ «Իմ քայլն» է լինելու, ով շատ ձայն տա՝ նրա թեկնածուն  էլ կանցնի»:

Հատկանշական է այն, որ թե՛ ԼՀԿ-ի, և թե՛ ԲՀԿ-ի հավանական ներկայացուցիչները լռում են այս հարցի շուրջ, մենք փորձեցինք կապ հաստատել Վահե Էնֆիաջյանի և Մանե Թանդիլյանի հետ, սակայն զանգերն ու նամակները մնացին անպատասխան: Մինչդեռ ԼՀԿ ներկայացուցիչ Գևորգ Գորգիսյանը նշում է, որ ԱԺ փոխնախագահի մասով Փաշինյանի հայտարարությունը «Իմ քայլը» խմբակցության քաղաքական որոշումն է և որ այլ կերպ չի կարելի դա անվանել։ 

Արմինե ՄԻՔԱՅԵԼՅԱՆ