Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ երեկոյան, ժ. 21։00-ի սահմաններում, փլուզվել է Արամի 23 հասցեի՝ պատմամշակութային հուշարձան համարվող շենքի պատը, որտեղ անցկացվում են «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի փորձերը։
Երգչախմբի անդամ Հռիփսիմե Մուրադյանը մեզ հետ զրույցում պատմեց շենքի պատի փլուզման մանրամասները․ «Հերթապահը զգացել է, որ քանդվում է պատը, վազել է դուրս ու անմիջապես մեզ տեղեկացրել»։
«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի ղեկավար Տիգրան Հեքեքյանը ԼՈՒՐԵՐ․com-ին ասաց, որ ոչ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ոչ էլ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը որևէ քայլ չեն ձեռնարկել իրավիճակին լուծում տալու համար։ Ավելին՝ Հեքեքյանն ուշագրավ մանրամասներ հայտնեց շենքի վերաբերյալ քաղաքային իշխանության նպատակների մասին ․«Նույն Արթուր Մեսչյանը ասել է՝ «ես այդ շենքի հետ ոչ մի կապ չունեմ ու ոչինչ էլ չեմ անելու դրա պահպանման համար»»,-հայտարարեց Հեքեքյանը։
ԼՈՒՐԵՐ.com-ի այն դիտարկմանը, թե Մեսչյանն իր առաջին մեծ ասուլիսի ժամանակ խոստացել էր, որ «Փոքրիկ երգիչների» շենքը կվերանորոգվի հարևանությամբ գտնվող բազմահարկ շենքի կառուցապատողի հաշվին և անգամ շեշտել, որ ստանձնում է ողջ պատասխանատվությունը, Տիգրան Հեքեքյանը պատասխանեց․ «Նա այդ ասուլիսից հետո է ասել, որ ոչինչ չի անելու շենքի համար, նույն հարցը իրեն էլ կարող եք տալ, թե ինչու ոչ մի քայլ չի ձեռնարկել։ Նրանք ամեն ինչ արեցին, որ շինությունը քանդվի, այսինքն՝ ոչ թե սպանեցին, այլ թողեցին, որ ինքն իրեն մեռնի շենքը»։
Հեքեքյանը վերջում հավելեց, որ հասցված վնասը գնահատել հնարավոր չէ, քանի որ այն անգին է․«Մենք անգին շինություն ենք կորցնում, դա գնահատել հնարավոր չէ, ես չգիտեմ էլ, թե ինչ է լինելու սրա վերջը»։
Արմինե ՄԻՔԱՅԵԼՅԱՆ