Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան, մեկնաբանելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ ազգությամբ հայ ՌԴ քաղաքացիների մուտքը երկիր արգելելու մասին հայտարարությունը, այն  երկկողմ ռազմավարական հարաբերությունների ոգուն հակասող է որակել. հայտնում է ТАСС-ը` Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությանը հղումով:

Անդրադառնալով այն բանին, որ ադրբեջանական կողմը խոստացել է շտկել իրավիճակը, Աբդուլաևան ասել է. «Մենք վճռականորեն հերքում ենք դա: Ռուս-ադրբեջանական հարաբերությունները հիմնված են իրավահավասարության վրա, մինչդեռ «կշտկեն իրավիճակը» արտահայտությունը հակասում է իրավահավասար երկկողմ հարաբերությունների էությանը»,- նշել է նա:

Միևնույն ժամանակ, Աբդուլաևան ընդգծել է, որ դա բացասական ազդեցություն չի ունենա Ադրբեջանի ու Ռուսաստանի հարաբերությունների վրա:

Հիշեցնենք, որ Զախարովան երեկ հայտարարել էր, որ Ադրբեջանում ազգային հատկանիշով ՌԴ քաղաքացիների ձերբակալությունը և արտաքսումը նրանց իրավունքների կոպիտ խախտում է: Ըստ նրա` նման դեպքերը հակասում են մի շարք ռուս-ադրբեջանական համաձայնագրերի ոգուն ու տառին: