Այսօր՝ հունվարի 17-ին, լրագրողների հետ ճեպազրույցում, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ Արցախում՝ ՀՅԴ բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանի հնչեցրած այն հայտարարություններին, թե նոր իշխանությունները չեն արտահայտում ժողովրդական շարժման տրամադրությունները և չեն կարողանում լուծել այն խնդիրները, որոնց համար սկիզբ է առել այս շարժումը:
«Ես լսեցի պարոն Մարգարյանի ելույթը, այնտեղ խոսվեց ինչ-որ պայմանավորվածությունների մասին: Կարող եմ ասել, որ որևիցե պայմանավորվածություն փակ դռների ետևում չի եղել, և ինչի մասին խոսում էր պարոն Մարգարյանը՝ հմտորեն բաց էր թողնում իրենց գործելաոճը՝ կապված, օրինակ՝ հոկտեմբերի 2-ի հետ, երբ իրենք Հանրապետական կուսակցության հետ մեկտեղ (դա մինչև նոր ընտրությունների մասին խոսելն էր) խախտեցին այն, ինչի մասին խոսում են: Նրանք այդ պայմանավորվածությունները խախտեցին իրենց քվեարկություններով, որովհետև քվեարկության չգալը ընտրական օրենսգրքի տապալումն էր: Ուստի, նման խնդիրներն իրենք իրենց մեջ պետք է փնտրեն, և ես ողջունում եմ այն փաստը, որ ինքը հեռանում է»,-ասաց Ալեն Սիմոնյանը:
Հարցին, թե ինչպես է վերաբերվում նրան, որ Հրանտ Մարգարյանը նոր իշխանություններին անկարողության մեջ է մեղադրում և ասում, որ չեն կարողանում լուծել այն խնդիրները, որոնք դրված են շարժման առաջ՝ Սիմոնյանը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ այդ խնդիրների գնահատականը Դաշնակցությունը պետք է տա: Այդ խնդրի գնահատականը այսուհետ ընտրողն է տալիս և ընտրողը գնահատականը տվեց թե′ իրենց, և թե′ մեզ: Բայց ես չեմ ուզում անհատներին նույնականացնել Դաշնակցության պես կուսակցության հետ, որովհետև այդ կուսակցությունն, ընդհանուր առմամբ, շատ պետքական է Հայաստանի կյանքի համար»:
Դիտարկմանը, թե ինչ գնահատական կտա Հրանտ Մարգարյանի այն հայտարարությանը, որ հաջորդ ընտրություններին տուն են ուղարկելու նոր իշխանություններին և ստանձնելու են երկրի ամբողջ ղեկավարման գործը, Սիմոնյանը նշեց. «Տուն ուղարկելու համար թող նախ իրենք ներս գան, նոր տուն ուղարկելու մասին կխոսենք»: