«Արդարադատությունը հուսալի ձեռքերում է։ Արտակ Զեյնալյանն ավելի քան անհրաժեշտ է ներկայիս կառավարությանը, և որպես արդարադատության նախարար, նախորդող 7-8 ամիսների ընթացքում իր պարտականությունները փայլուն կատարելով ապացուցել է, որ արժանի է իրեն վստահված պաշտոնին»,- անդրադառնալով արդարադատության նախարարի պաշտոնում Արտակ Զեյնալյանի վերանշանակմանը, ԼՈՒՐԵՐ․com—ի հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության անդամ Թեհմինա Վարդանյանը։ Վերջինս հավելեց նաև՝ «արդարադատություն» բառն սկսվում և ավարտվում է Արտակ Զեյնալյանով։

Ըստ մեր զրուցակցի՝ ներկայիս իշխանությունները դժվար թե գտնեին արդարադատության նախարար, որը Զեյնալյանի պես կարտահայտեր պաշտոնը՝ բառի բուն իմաստով։

Հարցին, թե կուսակցության ներսում քննարկվե՞լ է Զեյնալյանի՝ նախարար լինել-չլինելու հարցը, և արդյո՞ք Զեյնալյանն ուզում էր պաշտոնավարել տվյալ ոլորտում, Վարդանյանը պատասխանեց․ «Սա եղել է և՛ կուսակցության, և՛ պարոն Զեյնալյանի որոշումը, կուսակցությունով քննարկել և եկել ենք այն եզրագահանգման, որ նոր Հայաստանում նա «անհրաժեշտություն է»»։

Այն ճշտող հարցին, թե Արտակ Զեյնալյանի՝ կուսակցությունից  առաջիկայում դուրս գալու վերաբերյալ լուրը համապատասխանո՞ւմ է իրականությանը, մեր զրուցակիցը շտապեց պատասխանել, որ նման խոսակցություն ընդհանրապես չի եղել կուսակցության ներսում․ «Դրանք պարզապես լուրեր են, որոնք տարբեր նկատառումներով կարող են շրջանառվել»։

Ինչ վերաբերում է կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի գործունեությանը, մենք կուսակցության մյուս ներկայացուցիչներից տեղեկացանք, որ նա առայժմ օգնում է Արտակ Զեյնալյանին։ Թեհմինա Վարդանյանն էլ իր հերթին նշեց, որ դա նրանց անձնական խնդիրն է։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ և նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ արտախորհրդարանական ընդդիմադիր ուժի ներկայացուցիչ, «Հանրապետություն» կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանն այսօր վերանշանակվեց արդարադատության նախարարի պաշտոնում։

Արմինե ՄԻՔԱՅԵԼՅԱՆ