Մի քանի օր է, ինչ բուռն քննարկումների առիթ է տվել որոշ մարզպետների կողմից իրենք իրենց և որոշ աշխատակիցների դրամական խոշոր պարգևատրումներ անելու հանգամանքը։ Եվ այսպես, նրանց շարքերում են Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, որը բյուջեից պարգևատրումների համար հատկացրել է շուրջ 5 միլիոն 792 հազար 728 դրամ: Նմանատիպ պարգևատրում իրականացրել է նաև Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, որը պարգևատրել է նաև ինքն իրեն։ Վերջինիս կողմից բյուջեից արված պարգևատրումների գումարը կազմում է 1 մլն 718 հազար դրամ:
Թեև պարգևատրումը օրենքով նախատեսված խրախուսման միջոց է, սակայն նկատենք, որ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն, ի տարբերություն մյուսների՝ ավելի հեռուն է գնացել․ մարզպետարանում աշխատող 15 անձանց, այդ թվում ինքն իրեն, պարգատրել է 104.5% դրույքաչափով: Հաշվի առնելով, որ Արարատի մարզպետի աշխատավարձը 661,400 դրամ է, 104.5%-ի դեպքում պարգևատրման չափը կազմում է 691,163 դրամ, տեղակալները պարգատրվել են 552,930 դրամով (աշխատավարձը 529,120 դրամ է):
Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը ևս հետ չի մնացել գործընկերներից. նա ևս դրամական պարգևներով խրախուսել է աշխատակիցներին: Սակայն զավեշտալին այն է, որ վերջինս ինքն իրեն մեկ օրում երկու անգամ է դրամական պարգևատրմամբ խրախուսել։ Նա 22 անձանց, այդ թվում՝ իրեն՝ մեկ անգամ պարգևատրել է 51.82 % չափով, երկրորդ անգամ՝ նույն անձանց և նորից իրեն՝ 15․34 %-ով։
Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի կողմից տրված պարգևների գումարն ընհանուր առմամբ կազմել է 1 մլն 321 հազար 405 ՀՀ դրամ։
Այս առիթով մարզպետարանները մեկը մյուսի հետևից պարզաբանումներ են ներկայացնում՝ օրինական համարելով և որպես 13-րդ աշխատավարձ ներկայացնելով իրենց կողմից աշխատակիցներին տրված պարգևավճարները։
ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ևս նշեց, որ պարգևատրումներն արվել են օրենքով սահմանված կարգով և աշխատավարձի խնայված միջոցների հաշվին՝ լավ աշխատանքի համար․ «Իմ աշխատակազմում մեկուկես տասնյակից ավելի թափուր հաստիք կա, որոնք չենք համալրել, այդ հաստիքների թափուր մասնագետների փոխարեն աշխատել են մարզպետարանի աշխատակիցները։ Պարգևատրումներն արվել են ոչ թե բյուջեի, այլ բացառապես խնայված միջոցների հաշվին»,- ասաց նա։
Դիտարկմանը՝ հնարավո՞ր է կարճ ժամանակում հասկանալ, թե ինչպես է աշխատել աշխատակիցը, երբ դեռևս մեկ տարին չի լրացել, հատկապես, որ կան մարդիկ, որոնք ընդամենը 3․5 ամիս են աշխատել, Պետրոսյանը նշեց, որ 6 ամսվա մեջ կատարած ծրագրերը համայնքներում իրականացրած լավ աշխատանքի արդյունք է համարում։
Մեզ հետ զրույցում Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանն էլ ասաց՝ այս գործընթացը օրինականության սահմաններում է և ամեն տարեվերջի կիրառվում է՝ մարզպետարանի ծախսերի արդյունքում ունեցած խնայողությունների հաշվին: Ընդ որում, Սյունիքի մարզպետարանը 2018 թվականին իր խնայողություններից 8.8 մլն դրամ վերադարձրել է ՀՀ պետական բյուջե։
Իրականում, այս հարցի շուրջ այսքան աղմուկ չէր բարձրանա, եթե խրախուսվածները չլինեին նոր իշխանությունների կադրերը: Եթե մարզպետներն այնքան բարեսիրտ գտնվեին, որ խրախուսին, օրինակ, կրտսեր կամ գլխավոր մասնագետներին, փորձագետներին կամ այլ շարքային աշխատողների, մամուլն ու սոցցանցերն ավելի մեղմ կարձագանքեին: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ վերջիններիս աշխատավարձն իսկապես ցածր է և մոտիվացնելու համար արժեր հենց նրանց պարգևատրել:
Սոնա Հարությունյան