Ղազախստանի Հանրապետության պետքարտուղար Գուլշարա Աբդիկալիկովան հանդիպում է ունեցել Ղազախստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է «Կազինֆորմ»-ը՝ հղում անելով պետքարտուղարության մամուլի ծառայությանը:

Պետքարտուղարն ընդգծել է, որ Ղազախստանն ու Հայաստանը միավորում են պատմական և մշակութային սերտ կապերը: Արգասաբեր համագործակցություն է իրականացվում ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ և այլ ինտեգրացիոն միությունների շրջանակում:

Աբդիկալիկովան շնորհավորել է Ղալաչյանին՝ Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների անցկացման կապակցությամբ և վստահություն հայտնել, որ Հայաստանի խորհրդարանի նոր կազմի աշխատանքը դրականորեն կանդրադառնա երկկողմ համագործակցության հետագա ամրապնդման վրա:

Գուլշարա Աբդիկալիկովան ընդգծել է, որ երկու երկրների փոխգործակցությունը եվրասիական ինտեգրման շրջանակներում նպաստում է տնտեսական հարաբերությունների զարգացմանը: Ղազախստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև ապրանքաշրջանառությունը 2018 թվականի առաջին 10 ամիսների ընթացքում կազմել է 10.4 մլն դոլար, ավելանալով 19.5% -ով:

«Ղազախստանի և Հայաստանի միջև հարաբերություններում հատկապես կարևոր է մշակութային և հումանիտար համագործակցությունը: Մշտապես անցկացվում են տարբեր մշակութային, գիտական և սպորտային միջոցառումներ, սերտ կապեր են հաստատվում երիտասարդների և կրթական հաստատությունների միջև: Երկու երկրների միջև կապող օղակը Ղազախստանում ապրող հայկական սփյուռքն է »,- ասել է պետքարտուղարը:

Հանդիպման ավարտին պետքարտուղար Գ.Աբդիկալիկովան երկկողմ համագործակցության զարգացման գործում հաջողություններ է մաղթել Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գագիկ Գալաչյանին: