Վերջին ժամանակներում հանրությունն արդարացիորեն բարձրաձայնում է, որ հանրապետությունում որոշ մարդիկ սկսել էին թափառող շների նկատմամբ սպանդ իրականացնել։ Համացանցը ողողվել էր այդ «վայ մարդ» կոչվածների անմարդ վերաբերմունքով՝ չորքոտանիների նկատմամբ, երբ ոչ միայն հրազենով էին սպանում, այլև քարկոծում էի շներին։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, «Դինգո Թիմ» հասարակական կազմակերպության անդամները օրեր առաջ հանդիպել են Ազգային ժողովի պատգամավոր Էդուարդ Բաբայանի հետ և հիմնական թեման եղել է Կոտայքի մարզում՝ մասնավորապես, Աբովյան քաղաքում շներին կրակելու միջոցով սպանելու դեմն առնելը։
Հանդիպման ժամանակ ԱԺ պատգամավոր Բաբայանը ողջունել է ՀԿ անդամների մարդասիրական քայլը և խոստացել, որ անելու է ամեն ինչ, որպեսզի ոչ միայն Կոտայքի մարզում, այլ նաև հանրապետությունում երբևիցե թափառող շներին նման մեթոդներով չսպանեն։
Հանդիպման ընթացքում պատգամավորի հետ քննարկվել է, թե ինչ մեթոդներով կարելի է լուծել թափառող շների գլխաքանակի նվազեցման հարցը։
«Դինգո Թիմ»-ի անդամները պատգամավորին հայտնել են, որ միակ տարբերակն է մասսայական ստերջացումը, ինչից հետո պատգամավորը նրանց հայտնել է, որ ինքը կհովանավորի Աբովյան քաղաքի թափառող շների ստերջացումները, և «Դինգո Թիմ»-ի անդամներն անակնկալի են եկել, երբ Է. Բաբայանը օրեր անց խոսքից գործի է անցել։
«Դինգո Թիմ»-ի համակարգող Գոհար Մանուշակյանը հանձն է առել մի քանի համակիրների հետ ու արդեն մի քանի թափառող շներ տեղափոխվել են «Օսկ Արվետ» և «Մալտեզ Սիթի» կլինիկաներ, որտեղ անասնաբույժն Լևոն Մինասյանն ու Հայկ Մելքոնյանը իրենց թիմի անդամների հետ ստերջացրել են մի քանի շների։