Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կալանավոր է մահացել: ՀՀ Արդարադատության նախարարության կողմից հաղորդագրություն էր տարածվել, որ ինքնազգացողության կտրուկ վատթարացման կապակցությամբ, հունվարի 26-ին կալանավորի համար ժամը 06։15-ի սահմաններում հրավիրվել է շտապօգնություն, որի  կողմից ժամը 06։35-ի սահմաններում արձանագրվել է կալանավորված անձի կենսաբանական մահը։
Պարզվում է, որ «Նուբարաշեն» ՔՀԿ-ում այսօր մահացած կալանավորը HayNews.am կայքի պատասխանատու 50-ամյա Մհեր Եղիազարյանն է, որի մահը վրա է հասել 44-օրյա հացադուլից հետո:
 
Եղիազարյանը, չընդունելով իրեն առաջադրված մեղադրանքն ու համոզված լինելով, որ տարվում է ուղղորդված քննություն, դեկտեմբերի 5-ից հրաժարվել էր մասնակցել  դատական գործընթացին, այնուհետև հացադուլ էր հայտարարել:
 
Մհեր Եղիազարյանը մի շարք պահանջներ է ներկայացրել, սակայն դրանցից ոչ մեկը չի կատարվել: Եղիազարյանի պաշտպանը, վերջինիս առողջական վատ վիճակից ելնելով, Երևանի ընդհանուր իրավասության դատարանին միջնորդություն էր ներկայացրել իր պաշտպանյալի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ, սակայն դատարանը մերժել էր միջնորդությունը:
 
Հավելենք, որ Եղիազարյանը հացադուլը դադարեցրեց 44-րդ օրը, երբ ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկի բուժկետ:

Նա ՀՔԾ կողմից կալանավորվել էր 2018թ.-ի դեկտեմբերի 3-ին: