Արդեն երկրորդ դեպքն է՝ ինչ Կովկաս ռեստորանային համալիրում ռումբի մասին ահազանգ է ստացվում Ոստիկանություն։

Պետք է նկատենք, որ դեռևս 2019-ը նոր սկսված՝ հունվարի 13-ին ԱԻՆ ահազանգ էր ստացվել, որ Երևան քաղաքի Զաքյան 8 և Բաղրամյան 1 հասցեներում գտնվող «Vivarobet» բուքմեյքերական ընկերություններում, Սեբաստիա 123/2 հասցեում գործող «Fast Credit» վարկային կազմակերպությունում և Աշտարակի խճուղու «Կովկաս» ռեստորանային համալիրում ռումբ է տեղադրված։ ԱԻՆ-ը, սակայն, երկու ահազանգերի դեպքում էլ որոնողական աշխատանքների արդյուքնում որևէ ռումբ չի հայտնաբերել։

Այստեղ ուշագրավ է, որ վերոնշյալ կազմակերպությունը, ընկերությունը և ռեստորանային համալիրը պատկանում են նույն մարդկանց՝ Վահե և Վիգեն Բադալյան եղբայրներին։

Արդեն երկրորդ ահազանգը` այս անգամ միայն ռեստորանային համալիրում, առիթ է տալիս մտածելու, որ այստեղ առկա է դիտավորություն և շատ հավանական է, որ երկրորդ ահազանգը կատարվել է նույն մարդու կողմից։

Առաջին ահազանգի հետքերով ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցին Ոստիականության հասարակայնության և լրատվության բաժնից հայտնեցին, որ հունվարի 13-ին միանգամից երեք վայրերում ռումբի առկայության մասին ահազանգողը հայտնաբերված է։ «Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ և ուղարկվել է քննչական։ Հունվարի 25-ի ահազանգի հետ կապված դեռևս հետաքննություն է կատարվում»։

Մենք նաև փորձեցինք մեկնաբանություն ստանալ Կովկաս ռեստորանային համալիրի տնօրեն Վահե Բադալյանից, սակայն, վերջինիս հետ կապ հաստատել մեզ չհաջողվեց։

Արդյոք պատահականություն էին այս երկու ահազանգերը, դիտավորություն, թե՞ զգուշացում՝ դժվար է ասել, սակայն, փաստ է, որ եղբայրների  համար նոր տարվա մեկնարկն այնքան էլ բարեհաջող չի տրվել։

Արմինե ԱՐՄԵՆԱԿՅԱՆ