Երեկ ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր Մհեր Եղիազարյանի մահվան դեպքին և նկատել, որ պետք է բացառել քննչական մարմնի կողմից, ճնշման գործադրումը այն փորձագետների վրա, որոնք պետք է տան եզրակացություն՝ Եղիազարյանի մահվան հանգամանքների վերաբերյալ: Այս առնչությամբ ԼՈՒՐԵՐ.com-ը մեկնաբանություն խնդրեց ՀՀ Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանից:

Վերջինն ընդգծեց, որ Քննչական կոմիտեն գործում է օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, հետևաբար խոսք անգամ չի կարող լինել փորձագիտական կենտրոնի վրա նախաքնական մարմնի կողմից ճնշումների, կամ ուղղորդումների մասին:

«Քրեական դատավարության 108-րդ հոդվածի համաձայն քննիչը մահվան պատճառները պարզելու համար նշանակում է դիակի դատաբժշկական փորձաքննություն, ինչը և արվել է, իսկ փորձագիտական կենտրոնը գործում է այլ գերատեսչության ենթակայությամբ, ինչը ևս մեկ անգամ գալիս է հերքելու այն մտահոգությունը, թե նախաքննական մարմինը կարող է որևէ կերպ ազդել եզրակացության արդյունքի վրա»,- ասաց Հարությունյանը։

Նա ևս մեկ անգամ ընդգծեց, որ Քննչական կոմիտեն գործում է օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում և հորդորեց անտեղի հայտարարություններով չսրել ստեղծված իրավիճակը: