«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Թավշյա հեղափոխությունից հետո բոլորին մերժած կառավարող ուժը մինչ օրս քննադատվում է նախկին իշխանության օրոք աշխատած պրոֆեսիոնալներին դաշտից դուրս մղելու եւ անփորձ երիտասարդների վրա հենվելու համար: Սակայն, արդեն նկատելի է, որ շատ դեպքերում, կարծես թե, սառույցը կոտրվում է:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն ակտիվ համագործակցում է ՀՀ քննչական կոմիտեի հետ: Նա նույնիսկ իր իրավաբանական հմտությունները՝ որպես եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի մասնագետ, թղթին է հանձնել: Անկուսակցական Կոստանյանը ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հետ միասին հայրենի քննիչների համար ուղեցույց է կազմել՝ կալանավորման հիմքերի անխոցելիության վերաբերյալ: Ասել է թե՝ քննիչները պետք է իմանան, որ երբ մարդուն կալանավորում են, միջնորդությունը այնպես կազմեն եւ ներկայացնեն, որ համապատասխանի եվրոպական չափանիշներին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, այդ ուղեցույցի շնորհանդեսը կկայանա փետրվարի կեսերին:

Հիշեցնենք, որ հունվարի 25-ին էլ «Իմ քայլը» խմբակցության անդամ Մխիթար Հայրապետյանը աշխատանքային հանդիպում էր ունեցել կարկառուն ՀՀԿ-ական, փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ: Այսպիսի մասնագիտական համագործակությունները, հանդուրժողականության մթնոլորտ ձեւավորելը շատ կարեւոր են պետականաշինության հարցում, որտեղ չկան մերոնք-ձերոնքի խնդիրներ, կա մեկ ընդհանուր՝ պետական շահ:

 

Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: