«Իմ վստահորդ Կարեն Կարապետյանն այսօր ներկա չէ էթիկայյի կանոններից ելնելով, քանի որ նա մտածում էր, որ օբյեկտիվ չի ստացվելու մեր այսօրվա զրույցը: ՊԵԿ նախագահը կոռուպցիոն համակարգերը հետազոտելու և վարչապետին զեկուցելու փոխարեն, ծառայողական քննություն է սկսում Կարեն Կարապետյանի նկատմամբ: Կարեն Կարապետյանի նկատմամբ նոր ճնշումներ են սկսվել և դատարանն էլ որոշել է քրեական գործը վերսկսել իմ վստահորդի նկատմամբ»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ՊԵԿ  հետախուզության վարչության պետ Կարեն Կարապետյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը, անդրադառնալով իր կողմից վերջերս արված հայտարարությանը, թե ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը թույլ չի տալիս իր վստահորդին՝ կոռուպցիոն ռիսկեր բացահայտել և ներկայացնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

 

Ըստ փաստաբանի՝ Պեկ նախագահը անձնապես «թաթախված է» այդ գործում, նա իր այս հայտարարությունը բացատրում է նախորդ մի քանի ամիսներին ՊԵԿ-ի անգործությամբ. «Այլ կերպ չեմ պատկերացնում, որ լինի»:

«Նոր հանգամանքներ են ի հայտ եկել, որոնցով անհնար է Կարապետյանի մասով որևէ դրական արդյունքի հասնել: Մի բան է տեղի ունեցել, որ Կարեն Կարապտյանը հանդգնել էր կոռուպցիոն սխեմաների մասին զեկուցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին»,- մանրամասնեց փաստաբան  Տիգրան Հայրապետյանը:

Փաստաբանը փոխանցում է, որ երեկ ևս գլխավոր դատախազին գրավոր դիմում են ուղարկել, որպեսզի նրանք պատասխանեն, թե ինչու են դադարեցրել Կարեն Կարապետյանի լիազորությունները՝ միևնույն ժամանակ՝ աշխատավարձ վճարել, այդպիսով նաև վատնելով պետական միջոցները: «Աշխատավարձերը հենց այնպես չեն տրվում, պետք է փաստաթղթեր տրամադրեն, կամ էլ՝ ՊԵԿ նախագահին ամեն ինչ թույլատրվում է անել: ՊԵԿ նախագահն, ամենայն հավանականությամբ, համագործակցել է ապօրինի տնտեսվարողների հետ: ՊԵԿ-ում տարեվերջին բյուջեում մուտքեր ապահովելու համար թույլ են տրվել որոշակի  ապօրինություններ»,-ասաց փաստաբանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Արմինե ՄԻՔԱՅԵԼՅԱՆ