Տարիներ շարունակ տարբեր հանգամանքներում մահացած զինծառայողների սևազգեստ մայրերը չեն դադարում բողոքը՝ պայքարելով իրենց որդիների մահվան հանգամանքների գործերի վերաբացման համար։ Ինչպես նախկին իշխանությունների օրոք, հեղափոխությունից հետո էլ կառավարության շենքի դիմաց սևազգեստների թիվը չի նվազում։ Հերթական նիստի օրը, որդեկորույս մայրերն իրենց դժգոհությունը հայտնեցին նաև ներկա իշխանություններից, իսկ բողոքի ակցիայի ժամանակ հնչեցրած արտահայտությունը, թե «ոչ մի տարբերություն չկա այս և նախկին իշխանությունների միջև» բուռն քննարկումների հանգեցրեց սոցցանցերում։ Զոմբիացած օգտատերերն անգամ վիրավորական արտահայտություններ սկսեցին օգտագործել վերջիններիս հասցեին։
Այս փաստն առաջացրել է փաստաբան Կարինե Խաչատրյանի զայրույթը։ ԼՈւՐԵՐ․com—ի հետ զրույցում Խաչատրյանը սանձարձակություն որակեց սոցցանցերի օգտատերերի գրառումները․ «Ոչ ոք իրավասու չէ որևէ մեկի բերանը փակել, ասել՝ դժգոհեք կամ մի դժգոհեք։ Վերապահումով ասեմ՝ եթե անգամ ինչ-որ չափով այդ մարդիկ իրենց պայքարում սխալ են, այնուամենայնիվ, որևէ մեկը նման ձևով չպետք է համարձակվի արտահայտվել, որովհետև նրանց մաշկի մեջ չեն եղել ու չեն տեսել այն, ինչ նրանք»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ գրառումներ անողները հիմնականում կեղծ օգտատերեր են, որոնց վրա վերահսկողություն պետք է սահմանվի։
Նա հատուկ սևազգեստ մայրերին վիրավորողներին հիշեցրեց, որ այդ մարդիկ պայքարել են միշտ՝ և՛ Սերժ Սարգսյանի օրոք, և՛ ավելի վաղ։ Նրանցից յուրաքանչյուրի որդին մահացել է մեր երկրի բանակում, և ոմանց որդիների մահը անհասկանալի է և անբացատրելի՝ պարուրված բազմաթիվ առեղծվածներով:
Անդրադառնալով հոդվածին, որի տակ ֆեյսբուքի օգտատերերը գրառումներ էին կատարել՝ փաստաբանը նկատեց՝ լուսանկարում պատկերված կինը Տիգրան Օհանջանյանի մայրն է՝ Գոհար Սարգսյանը, որի որդին մահացել է 19 տարեկանում, ծառայության ընթացքում` 2007թ.-ին․ «Նա և իր ամուսինը տարիներ շարունակ պայքարել են որդու մահվան իրական պատճառը բացահայտելու համար, նրանց նաև քարշ են տվել անամոթաբար և շատ կոպիտ վերաբերմունք դրսևորել: Այս տարիների ընթացքում մահացավ նաև այս կնոջ ամուսինը: Այս մարդիկ տարիներ շարունակ պայքարում են իրենց որդիների մահվան իրական պատճառները պարզելու, մեղավորներին բացահայտելու և պատժելու համար: Իսկ գրառումներ կատարողները մինչև որևէ վերնագրի տակ իրենց զզվանքն արտահայտելը, առանց ասվածի պատճառը հասկանալու ամոթանք տալը` պետք է հասկանան խնդիրը։
Վստահ եմ, որ նրանցից որևէ մեկը չի տեսել դիասեղանին դրված 19 ամյա զինվորի դիակ, որդու դիակ ու Աստված չանի՝ տեսնի: Ես ինքս քաջ ծանոթ եմ այս գործին, անձամբ տեսել եմ դիահերձարանում արված լուսանկարները, մարմնական վնասվածքները»,- ասաց Խաչատրյանը:
Փաստաբանն ընդգծեց՝ քանի դեռ այս մարդկանց բարձրացրած հարցը չի լուծվել, ուրեմն առնվազն իրենց համար՝ երկրում ոչինչ չի փոխվել։
Սոնա Հարությունյան