ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը վերջին շրջանում հաճախ է հայտնվում լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Ջանջուղազյանին նախարար նշանակելիս Փաշինյանը առանձնացնում էր վերջինիս բարձր պրոֆեսիոնալիզմը: Արդյո՞ք հիմա էլ, երբ Փաշինյանի կաբինետի ֆինանսա-տնտեսական քաղաքականությունը գտնվում է փորձագիտական հանրության քննադատության թիրախում:
 
 
Այս ամիսների ընթացքում ֆինանսների նախարար Ջանջուղազյանի ամենաառաջին ձախողումը նրա ներկայացրած բյուջեի նախագիծն էր, որն այնքան վատն էր, որ անգամ ընդդիմությունը չընդդիմացավ և ամեն կերպ աջակցեց նախագծի ընդունմանը՝ քաջ հասկանալով, որ Փաշինյանն այդ բյուջեի «տակից» դժվար թե դուրս գա: Ինքը՝ նախարարը հայտարարեց, որ այդ բյուջեն իրենց երազանքների բյուջեն չէ՝ ակնարկելով, որ վարչապետ Փաշինյանի պնդումները բյուջեի կարողությունների մասին՝ մեղմ ասած՝ չափազանցված էին:
 
Հաջորդ ձախողումը դա այն հարկային քաղաքականությունն է, որը այսօր վարում է պետությունը: Հարկային բեռի ավելացումը թերևս այն նպատակը չէ, որին ձգտում էին և որի համար պայքարում էին ապրիլին փողոց դուրս եկած մեր հայրենակիցները: Հարկային օրենսգրքի բարեփոխումները, որոնք այսօր դրված են սեղանին՝ որևէ կերպ չեն բխում տնտեսվարողների և հատկապես փոքր ու միջին բիզնեսի շահերից:
 
Մեկ այլ ձախողում էլ կարելի է համարել այն սկանդալային պատմությունները, որոնց մեջ պարբերաբար հայտնվում էր և հայտնվում է գերատեսչությունը: Մամուլի տեղեկությունների համաձայն, ընդհանուր առմամբ, բավական հանգիստ և սահուն գործող այս գերատեսչությունում լարված մթնոլորտ է տիրում: Ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ Ա. Ջանջուղազյանն իր առաջին տեղակալ է նշանակել իր սանիկին՝ Կարեն Բրուտյանին, որը մինչ այդ զբաղեցնում էր Պետեկամուտների կոմիտեի պետի տեղակալի պաշտոնը: Այդ նշանակումից հետո պրն Ջանջուղազյանը նախարարի բոլոր լիազորությունները տվել է սանիկին: Բրուտյանն էլ, օգտվելով առիթից, ամեն կերպ փորձում է փորել ՊԵԿ-ի ոտքի տակը, ծրագրելով միավորել այն ֆինանսների նախարարության հետ:
 
Վերջին աղմկահարույց պատմությունն էլ կապված էր այն բանի հետ, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը ևս որոշել էր պարգևավճարների հարցում առաջատար դիրքեր գրավել և գործընկերներին չզիջել: Մասնավորապես, փայլուն աշխատելու համար ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն իր քարտուղարուհուն պարգևատրել է 2 միլիոն դրամի չափով:
 
Ջանջուղազյանի բարձր «պրոֆեսիոնալիզմի» որևէ այլ դրսևորում, ցավոք սրտի, չենք կարող առանձնացնել...