Այսօր՝ փետրվարի 6-ին, մեկնարկեց ՀՀ կառավարության նիստը, որը վարում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Չզեկուցվող հարցերից քննարկման դրվեց Հայաստանի Ազգային ագրարային համալսարանի հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները հաստատելու մասին՝ Կառավարության որոշման նախագիծը։
Զեկուցմամբ հանդես եկավ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, ով անդրադառնալով դեկտեմբերի 25-ին բուհում տեղի ունեցած ընտրություններին, որտեղ ռեկտորի պաշտոնում խորհուրդը հաստատել էր Վարդան Էդիկի ՈՒրուդյանի թեկնածությունը, նշեց, որ այս օրերին իրենք արդեն ավարտում են բուհերի խորհուրդների ձևավորումը և ընդգծեց, որ իրենց առջև դրված խնդիրը լուծել են․ խորհուրդները 99%-ով ապաքաղաքականացված են։
«Շատ քիչ պաշտոնյաներ կան, որոնց ներկայութունն էլ պայմանավորված է օրենքով, եթե հետևեք խորհուրդների ղեկավարների ընտրությունների արդյունքներին, դրանք ոլորտի լավ մարդիկ են, որոնք կարող են նոր որակի բերել բուհերը»,-ասաց նախարարը։
Ի պատասխան Արայիկ Հարությունյանի՝ վարչապետը, կարևորելով հարցի նշանակությունը, հիշեցրեց, որ բուհերը ապաքաղաքականացնելու խնդիրը կառավարության և իրենց քաղաքական գործունեության ուղեգիծն է։