Այսօր գինեգործությունը Հայաստանի տնտեսության գերակա ճյուղերից է։ Դեռևս 2016 թվականից Հայաստանում այս ճյուղը զարգացնելու համար ստեղծվել է  խաղողագործության և գինեգործության հիմնադրամը, որի նպատակը Հայաստանում խաղողագործության զարգացմանը նպաստելն է, հայկական գինու արտադրության և արտահանման ծավալների մեծացմանը նաև միջազգային շուկայում տեղական գինեգործական արտադրանքի վարկանիշի բարձրացմանն ու հանրայնացմանը: Սակայն 2018 թվականի տարեվերջին հայտարարվեց, որ նոր կառավարությունը ցանկանում է լուծարել հիմնադրամը։ 

Սա հաճելի նորություն չէր գինեգործների համար, և նրանք բաց նամակով դիմել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Այսօր այս հարցը դարձյալ բարձրացվել է, և գինեգործների հետ հանդիպման պատրաստակամություն է հայտնել վարչապետ Փաշինյանը: Հանդիպումը տեղի կունենա այսօր։

Իջևանի գինու-կոնյակի գործարանի գլխավոր տնօրեն Ատոմ Եգորյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ներկայացնելով խնդրի էությունը՝ նշեց, որ բոլոր հիմնադրամները լուծարելու որոշում կայացնելիս ուշադրություն չի դարձվել պիտանի հիմնադրամներին․ «Մեր հիմնադրամը լուրջ աշխատանք է կատարում: Ես՝ որպես արտադրող, արդեն 10 տարի է՝ այս գործին եմ և այդ ընթացքում չեմ տեսել որևէ հիմնադրամ կամ ուրիշ կառույցներ, որոնք հանդիսանում են կապող օղակ պետական մարմնի և բիզնեսի սեկտորի հետ․ սա միակն է։ Բոլորի հանդեպ հավասարազոր աշխատանք է իրականացրել, օգնել է, խորհրդատվություն է իրականացրել։ Մեր՝ արտադրողներիս համար հիմնադրամը հարթակ է, որտեղ հավաքվում ենք և քննարկում ենք տարբեր հարցեր և կարողանում ենք այդ հարցերին լուծում տալ, օրինակ՝ ինչու է Հայաստան մտնում արտասահմանյան խաղողի տեսակներ, որոնք այլասերում են հայկական խաղողը, կամ ինչո՞ւ Վրաստանում, Հունաստանում կամ այլ երկրներում գինու վրա ակցիզային հարկ չկա, բայց Հայաստանում կա»,- ասաց Եգորյանը։

Վերջինիս համար անհասկանալի է՝ ինչու հարևան Վրաստանում կամ Ադրբեջանում ոլորտը զարգացնելու համար խոշոր գումարներ են ծախսվում, իսկ Հայաստանն ընդամենը 300 մլն դրամ է ծախսում, որն էլ ցանկանում են վերցնել, մրցույթ հայատարարել և ինչպես Եգորյանն է նշում՝ կոռուպցիոն ռիսկերը բարձրացնել․ «Այս ոլորտը չպետք  է հանձնել տենդերի, պետք է տալ նրան, ով գործից հասկանում է, գինեգործ է, խաղողագործությունից գաղափար ունի»։

Եգորյանը նշեց, որ նախկինում հանձնաժողովներ է կազմվել, հարցը բարձացվել է, սակայն ընթացք չի տրվել և ըստ նրա՝ վարչապետին խնդիրը չեն ներկայացնում այնպես, ինչպես կա։

Արմինե ԱՐՄԵՆԱԿՅԱՆ