Ինչպես հայտնի է, երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցավ քաղաքացիական բաց խորհրդի առաջին նիստը, որի բանախոսներն էին ընդդիմադիր շարժման ակտիվ գործիչներից' ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև արաբագետ, ԵՊՀ դասախոս Արայիկ Հարությունյանը: Հիշեցնենք, քաղաքացիական խորհրդի նիստերը սկզբնավորման հիմք հանդիսացել մասնավորապես Նիկոլ Փաշինյանի' Րաֆֆի Հովհաննիսյանին կատարված առաջարկը'իշխանափոխության պայքարին զուգահեռ' անմիջապես Ազատության հրապարակում ձևավորել այլընտրանաքային Նոր կառավարություն:
Երեկ Նիկոլ Փաշինյանը և Արայիկ Հարությունյանը հրապարակի հարթակից հնչեցրին մի շարք հայտնի գործիչների և մասնագետների անուններ, ովքեր կարող են ընդգրկվել այլընտրանքային կամ ստվերային կառավարության կազմում:
Այդ անունների թվում հիշատակվեց նաև հայտնի արևելագետ, իսլամագետ, Սիրիայում ՀՀ նախկին դեսպան Դավիթ Հովհաննիսյանը: Այս կապակցությամբ 168.am-ը փորձեց ստանալ Դավիթ Հովհաննիսյանի մեկնաբանությունը, թե արդյոք նա կընդունի՞, թե՞ կմերժի առաջարկը' ընդգրկվելու Նոր կառավարության կազմում: Ի պատասխան' Դավիթ Հովհաննիսյանը զերծ մնաց դրա վերաբերյալ որևէ գնահատական տալուց և նշեց, որ ընդունելու կամ մերժելու խնդիր չկա, քանի որ առաջարկություն չի եղել, այլ պարզապես հնչել են անուններ:
«Այդ մարդիկ շատ կիրթ են, և որևէ առաջարկություն անելուց առաջ նախ ինձ հետ կխոսեին»,- նշեց նա:
«Ինչ ասեմ, շնորհակալություն, որ ինձ հիշել են: Կարծում եմ' առաջարկություն չկա, որպեսզի մտածեմ' ընդունել այն, կան չընդունել, այլ պարզապես, որքան ես գիտեմ, տրվել են այն մարդկանց անունները, ովքեր իրենց տեսակետից կարող են այս պետությանն օգտակար լինել»,- ասաց Դավիթ Հովհաննիսյանը:
Իսկ մեր հարցին' ամեն դեպքում Դավիթ Հովհաննիսյանը, իշխանափոխության դեպքում, իրեն տեսնո՞ւմ է Նոր կառավարության կազմում' որևէ դերակատարությամբ, նա պատասխանեց.
«Գիտեք, հիմա տեսական հնարավորությունները քննարկելն ընդհանրապես իմաստ չունեցող գործ եմ համարում: Ես նախկինում երևի թե ունեցել եմ հնարավորություններ դիրքեր զբաղեցնելու, և առանձնապես չեմ ձգտել: Երբ ինչ-որ քննարկելու բան լինի, կքննարկենք»: