Կառավարությունը որդեգրել է որակյալ կադրերին կառավարման ոլորտ բերելու և նրանց ուղղակի աշխատանքի արդյունքում ի շահ Հայաստանի Հանրապետության ծառայեցնելու ուղենիշներ, այդ ուղղությամբ շատ գործուն քայլեր են կատարվում և կատարվելու են:

Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը:

«Բոլոր ընկերություններում և կառավարություններում դուք կարող եք տեսնել կադրերի հոսունություն, որը պայմանավորված է բազմաթիվ հանգամանքներով: Մի տեղից պրոֆեսիոնալները գնում են մյուս տեղը, մյուս տեղից՝ այս մյուս տեղը, այսինքն՝ ամեն կադրի գնալով և գալով չեմ կարծում, որ կարելի է դատել քաղաքականության մասին»,-ասաց նա: 

Այն հարցին, թե հնարավո՞ր է, որ կադրերը հեռանում են կառավարությունից, որովհետև տարաձայնություններ են ունենում, նա պատասխանեց. «Խնդի՞ր եք տեսնում, որ մեկը մյուսի հետ կարող է տարաձայնություն ունենալ: Սիրելի ժողովուրդ, այս կառավարությունը մյուսից տարբերվում է նրանով, որ այստեղ կարող են լինել տարաձայնություններ, և, այո, այդ տարաձայնությունների արդյունքում մարդիկ կարող են գնալ, գալ, մնալ, աշխատել»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե ինչպես է վերաբերվում նախարարությունների օպտիմալացմանը և նրան, որ աշխատողներ են կրճատվում, Արշակյանը պատասխանեց.  «Նպատակը կրճատելը չէ, այլ օպտիմիզացնելը։ Օպտիմիզացնել՝ նշանակում է նույն ռեսուրսներով ստանալ ավելի մեծ արդյունք։ Մնացած բաները հետեւանքներ են։ Կրճատվելու են բոլոր նրանք, ովքեր որ չեն կատարում իրենց աշխատանքը։Արդյոք բացասակա՞ն հետեւանք է, երբ որ մարդ ոչինչ չի անում եւ պետական բյուջեից ստանում է աշխատավարձ, այդ մարդուն աշխատանք գտնելու հնարավորություն տալը»։