«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Նիկոլ Փաշինյանը պարտավոր է հաղթել պատերազմն, այլապես կհեռանա
Արցախյան հերոսամարտ հաղթանակած ազգապա՛հ Հայեր
Հաշվի առնելով 21-րդ դարի աշխարհաքաղաքական սրընթաց փոփոխությունները, ինչի հետևանքով, իրոք, ազգեր ու պետություններ են կործանվում, հորինված Ադրբեջանի հայատյաց ղեկավարների կողմից գրեթե ամեն օր հնչեցվող ռազմատենչ հայտարարությունները, որոնց վստահության հիմքը Ադրբեջանի մեծ եղբայր Թուրքիայի հայատյացությունն է ու Ադրբեջանի զինված ուժերի սպառազինության նորովի և անընդհատ թարմացումն ու մեծացումը՝ ավելի քան վստահ եմ, որ Ադրբեջանի կողմից Արցախի, ասել է թե՝ Հայաստանի դեմ հերթական պատերազմական գործողությունները սկսվելու են շատ շուտով:
Ոչ հեռավոր անցյալում հայտնաբերված և մարդկությանը ստրկացնել ու կործանել փորձող Ամերիկա կոչվող պետությունն, իր մորթապաշտ և տգետ բոլթոններով, երբեք չի՛ կարող հինավուրց և քրիստոնյա հայ ազգի բնօրրանի՝ հայկական բարձրավանդակի՝ հերոս հայորդիների արյան գնով ազատագրված սուրբ հողից թեկուզ մի թիզ հանձնել «Խաղաղութուն՝ տարածքների դիմաց» բանաձևի շրջանակներում:
Ավելին՝ անձամբ ես չեմ ուզում հավատալ, որ այսօրվա բարձրագույն իշխանության ներկայացուցիչներն՝ ի դեմս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, կարող են գաղտնի կամ ոչ գաղտնի պայմանավորվել «Խաղաղություն՝ տարածքների դիմաց» բանաձևի շուրջ և ակամայից իրականացնել հայատյաց Ադրբեջանի ցանկությունները:
Ստեղծված իրավիճակում՝ Հայաստանի այսօրվա բարձրագույն իշխանությունն՝ ի դեմս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նորաստեղծ իշխանությունը պահպանելու ընդամենը երկու հստակ տարբերակ ունի.
Առաջին. Պետք է ամեն ինչ անի, որպեսզի ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Նախիջևանը, և ո՛չ էլ Թուրքիան Հայաստանի դեմ պատերազմ չսկսեն, և, իշխանավարության ողջ ընթացքում, Հայաստանի համար նվազագույնը պահպանի ոչ խաղաղություն, ոչ պատերազմ այսօրվա կարգավիճակն ու Արցախի ազատագրված տարածքներից, ասել է թե՝ հայոց սուրբ հողից ոչ մի պայմանով և ոչ մի թիզ չհանձնի Ադրբեջանին, Նախիջևանին կամ Թուրքիային:
Եվ, երկրորդ, եթե Արցախի, ասել է թե՝ Հայաստանի դեմ կամ Ադրբեջանը, կամ Նախիջևանը, կամ Թուրքիան պատերազմական գործողություններ սկսեն, Հայաստանի այսօրվա բարձրագույն իշխանությունն՝ ի դեմս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, պարտադիր պետք է ամբողջությամբ հաղթանակած դուրս գա այդ պատերազմական գործողություններից։
Ուրիշ ոչ մի տարբերակ չկա՛ և չի՛ կարող լինել, իսկ, եթե ՀՀ գործող բարձրագույն իշխանությունը չպահպանի թվածս երկու տարբերակներից որևէ մեկը, ապա, ի դեմս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, այդ նույն իշխանությունը պե՛տք է 24-ժամվա ընթացքում ինքնակամ հեռանա։
Ահա՛ այսպիսինն է «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության՝ Արցախի ու Հայաստանի արտաքին անվտանգության պաշտպանությանը վերաբերող հստակ պահանջը՝ ուղղված Հայաստանի բարձրագույն իշխանությանն՝ ի դեմս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի:
Հենց այս պահից՝ Նիկոլ Փաշինյանն ի՛նքը պետք է կնքի «Քաղաքացիական պայմանագիր» Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության բոլոր քաղաքացիների հետ՝ պարտավորվելով պահպանել այն, որի գլխավոր դրույթները պետք է լինեն վերոնշածս երկու տարբերակները:
Մեկնարկը տրվեց:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահ՝
Խաչիկ Մայիսի Ասրյան»