«Քանի որ պետբյուջեն ամեն տարի կազմվում է, նրանք կինոկենտրոնի հետ 2016-ին կնքել են պայմանագիրը, այնուհետև վերակնքել 2017թ-ին, հետո նորից կնքել են 2017-ին և երբ պետք է նորից վերակնքեին 2018թ-ին, հայտնվել է մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանը, ձևավորել է ֆիլմերի ֆինանսավորման նոր հանձնաժողով որի ձևավորած նոր կանոնակարգով մերժվել է մեր ֆիլմի ֆինանսավորման հայտը: Դրանից հետո ամենահետաքրքիրն է տեղի ունեցել. մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը նոր հանձնաժողով է հրավիրել, որն ընդունել է, որ Նազենի Ղարիբյանը ապօրինաբար է մեր հայտը մերժել, այսինքն՝ հանցագործություն է գործել»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում մանրամասնեց արդեն 8-րդ օրը հացադուլ անող ռեժիսոր Հովհաննես Գալստյանը, որը պահանջելում է վերականգնել «Տատիկիս վարսերը» ֆիլմի ֆինանսավորումը:
Գալստյանը վստահեցնում է՝ Նազենի Ղարիբյանը նույն կարգով պետք է երկարաձգեր պայմանագիրը, ինչը չի արել և ստացվում է, որ Ղարիբյանը ոչնչից տեղյակ չէ. «Նա անձնական թշնամանք ունի իմ հանդեպ»:
«Մենք այսօր Մշակույթի նախարարությունից ֆանտաստիկ լուր ենք ստացել՝ փաստաբանիս տեղեկացրել են, որ իմ և Լիլիթ Մակունցի խոսակցության ձայնագրությունն անհետացել է, քանի որ այն լրագրողը, որը ձայնագրել էր, ազատվել է աշխատանքից ու իր հետ կապ հաստատել չի լինում: Լրագրողին ես խնդրելու եմ՝ գա դատարան և ասի, թե ում հորդորով և ինչու է անհետացել ձայնագրությունը, քանի որ այդտեղ հստակ ասում էր Մակունցը կինոկենտրոնին, որ պետք է շատ արագ վերսկսել ֆինանսավորումը, քանի որ սա միջազգային նախագիծ է: Էսքան անգրագետ լինել չի կարելի էլի»:
Իսկ ինչ վերաբերում է մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանին, որը կինոկենտրոնի բյուջեից 5 միլիոն դրամ է խնդրել Գալստյանից, մեր զրուցակիցը նշեց, որ Ամիրյանն անձնական օգտագործման համար չի վերցրել դա: Մեր այն դիտարկմանը, թե Ամիրյանը փորձել է հանդիպել, զրուցել թեմայի շուրջ, ի վերջո դեռևս չի էլ վերադարձրել գումարը, Գալստյանը մանրամասնեց. «Ամիրյանի հետ գործը քրեական է, խաբեության հոդվածով, և Նազենի Ղարիբյանի գործին հետևելու է Ամիրյանի գործը: Ամիրյանը բազմաթիվ խոստումներ է տվել, սակայն չի վերադարձրել գումարը: Կարծում եմ՝ Ամիրյանը ողջամիտ կգտնվի և կվերադարձնի այն»:
Վերջում Հովհաննես Գալստյանը շեշտեց, այս ամենը վերջանալու է Նազենի Ղարիբյանի հրաժարականով և ֆիլմի շարունակությամբ:
Կարդացեք նաև՝ Մակունցի հետ հանդիպումից հետո կինոռեժիսորը դադարեցրել է հացադուլը
«Կինո» կինոյի մասին․ գլխավոր դերում Մշակույթի նախարարությունն է:
Արմինե ՄԻՔԱՅԵԼՅԱՆ