Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով Ամանորի գիշերը ժամկետային զինծառայողի մահվան դեպքին, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ Պաշտպանության նախարարությանը չի պատրաստվում ո´չ ծածկել, ո՛չ կոծկել որևէ դեպք:
«Փոքրիկ ծառայողական քննություն է անցկացվում՝ պարզելու համար, թե դա ինչի հետ է կապված եղել, հաշվի առնելով այն, որ դեպքը ծառայության հետ կապված չի եղել: Մենք, այսպես ասած, մեծ ուշադրություն չենք դարձրել այդ խնդրին, այժմ տեղեկությունը հնարավոր չէ ծածկել․ դուք ստանում եք տեղեկություններ դատախազությունից, Քննչական կոմիտեից, ստանում եք նաև ՊՆ-ից, հնարավոր չէ որևէ բան կոծկել, բայց ես միևնույն ժամանակ, չեմ կարծում, որ անհրաժեշտ է ծառայության հետ կապված նախաքննության փուլում գտնվող դեպքերի վերաբերյալ անընդհատ բարձրաձայնել»,-ասաց Տոնոյանը:
Հիշեցնենք, որ Ամանորի գիշերը հրազենային վնասվածքից մահացել էր ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող Էդգար Գրիգորյանը, ինչի մասին ՊՆ-ն ու Քննչական կոմիտեն չէին հայտնել։
ՊՆ-ից հայտնում են, որ Քննչական կոմիտեում հարուցվել է քրգործ ՀՀ ՔՕ-ի 110-րդ հոդվածի 1 մասով՝ ինքնասպանության հասցնելը: