Երեկ՝ ուշ երեկոյան, «Թիվ 5»-ի եթերում հարցազրույց էր տալիս «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը: Այս հարցազրույցը բավականին լայն քննարկումների առիթ տվեց, քննադատվեց Բաղդասարյանի, թե՛ խոսքը, թե՛ պնդումները:

Նախկին պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն այս առթիվ գրել էր. «Ագնես ջան, ապրես։ Բարձր պրոֆեսիոնալիզմ էր պետք կնոջ հանդեպ նման անհարգալից վերաբերմունքին այլ կերպ չարձագանքելու համար։ 
Մի բացթողում ունես՝ հընթացս ճշտեիր արդյոք վարչապետը բան չի ասել «Ուկրայնա, ավելնորդ, ինձի, հույրանոց, էդքամ» բառերի կիրառության մասով։ Իսկ իրավական մասով... հա չէ սա այս դեպքին չէր վերաբերում»։

«Երբ ոչինչ չես ասում և հետո գալիս ես և ասում՝ ինչո՞ւ ես «մուննաթ» գալիս՝ հարց է ծագում, արդյոք կարևոր չէ՞ր փաստերն ու իրենց տեսակետները ներկայացնել, քան այդ ոճաբանությամբ փորձել հանրության ինչ-որ մի հատվածի հաճոյանալ»,- այս մասին հարցազրույցի ընթացքում ասում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը՝ խոսելով կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ընդդմիության կողմից կառավարությանը ուղղված հարցին, թե ինչո՞ւ եք մունաթ գալիս մեզ վրա։

«Մուննաթ գալը ի՞նչ է նշանակում, գիտեք՝ թուրքերեն բառ է, դուք ասեք ի՞նչ եք հասկանում «մուննաթ» ասելով, դուք ասում եք, որ «մուննաթ» էր գալիս»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը՝ պատասխանելով հաղորդավարի այն հարցին, թե ինչո՞ւ էր իշխանությունը «մուննաթ» գալիս ընդդմիության վրա։

Հաղորդավարուհին փորձեց հստակեցնել՝ այսօր Նիկոլ Փաշինյանը, ընդդմիության ձևակերպմամբ, «մուննաթ» գալի՞ս էր ընդդիմության վրա, բարկանո՞ւմ էր, ջղայնանո՞ւմ էր, հունից դո՞ւրս էր գալիս։ Ի պատասխան՝ պատգամավորը նշեց, որ վարչապետը խոսում էր, թե ինչպես է դիրքավորվել ընդդիմությունը։

«Դուք ուղղակի չուզեցաք ըմբռնել Փաշինյանի ամենակարևոր խոսքը՝ ընդդիմությունը ում շահերն էր այսօր ներկայացնում»,- ասաց Բաղդասարյանը։

Հարցին, թե իշխանությունը հանդուրժո՞ւմ է քննադատությունները՝ Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ չի կարծում՝ իշխանությանը պետք է գոհացնի ընդդիմությանը։