Ազգային անվտանգության ծառայությունն այսօր մանրամասներ է հրապարակել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի վերաբերյալ քրեական գործի մասին։ Հիշեցնենք՝ այդ մասին երեկ առաջինը հայտնել էր ինքը՝ Սեդրակ Քոչարյանը՝ տարածած հայտարարության մեջ: Սեդրակ Քոչարյանը մասնավորապես մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու և հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտներն օրինականացնելու մեջ: Ըստ ամենայնի, խոսքը վերաբերում է «Կոնգրես» հյուրանոցի գործին, որի շրջանակում Սեդրակ Քոչարյանը վկայի կարգավիճակ ուներ:

Սկանդալային գաղտնալսման հրապարակումից հետո հրավիրված ասուլիսի ժամանակ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ասաց, որ իրենք փաստեր ունեն, որ «Կոնգրես» հյուրանոցը ձեռք է բերվել 6 միլիոն դոլար կաշառք վերցնելու արդյունքում եւ այդ սխեման կապված է Քոչարյանի ընտանիքի հետ:

Ուշագրավն այստեղ այն է, որ ըստ էության, ձեռքի տակ ունենալով ինչ-ինչ փաստեր վերոնշյալ հիպոթեթիկ հանցանքի մասին մեղադրանքը Քոչարյանի որդուն ներկայացվում է մի փուլում, երբ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործը Մարտի 1-ի մասով, ըստ էության, քանդվում է: Ամենայն հավանականությամբ, ՄԻԵԴ-ում Քոչարյանի փաստաբանական թիմին կհաջողվի հաջողություն գրանցել և հայաստանյան արդարադատության մարմինները ձեռնունայն կմնան, իսկ ինքը՝ Քոչարյանը, կհայտնվի ազատության մեջ:

Հենց դա է փաստացի ստիպում պատկան մարմիններին շտապել և Քոչարյանի շուրջ օղակը սեղմել արդեն երկու ճակատով՝ մի կողմից նրա ընտանիքի անդամների դեմ քրեական գործեր հարուցելով՝ այդպես փորձելով դրանք կապել նաև երկրորդ նախագահի անվան հետ, մյուս կողմից՝ նախկին պաշտոնյաների նկատմամբ ճնշում գործադրելով, որպեսզի վերջիններս կիսվեն Քոչարյանի նախագահության շրջանի այնպիսի մանրամասներով, որոնք հետագայում հնարավոր կլինի օգտագործել երկրորդ նախագահի դեմ: Նախկին պաշտոնյաների հարցաքննությունը կարծես թե ոչինչ չտվեց, անգամ հանրահայտ Սիլվա Համբարձումյանը չկարողացավ օգնության հասնել, հետևաբար, մնում է միայն առաջին տարբերակը, որի իրականացման ուղղությամբ էլ աշխատում են պատկան մարմինները: Սակայն կհաջողե՞ն արդյոք...