Լիտվայի Շյաուլյայ քաղաքի հանրային գրադարանում փետրվարի 19-ին տեղի է ունեցել «Հայաստանը հնագույն քարտեզներում» ցուցահանդեսի բացման արարողությունը, որը Շյաուլյայ քաղաքի հայ համայնքի աջակցությամբ նախաձեռնել և կազմակերպել են Լիտվայում ՀՀ դեսպանությունը և Շյաուլյայի հանրային գրադարանը:
ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, միջոցառմանը ներկա են գտնվել Լիտվայի Սեյմի պատգամավորներ, Լիտվա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամներ Արունաս Գումուլյաուսկասը (Arunas Gumuliauskas) և Ստասիս Թումենասը (Stasys Tumenas), Շյաուլյայի քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, մշակութային գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:
Ցուցահանդեսի խորհուրդը ներկայացրել է Շյաուլյաի համալսարանի արվեստի ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Վայդոտաս Յանուլիսը, ով իր խոսքում մասնավորապես նշել է, որ ցուցահանդեսը հնարավորություն է ընձեռում օտար քարտեզագիրների կողմից ներկայացված փաստերի հիման վրա ծանոթանալ հայ ժողովրդի հազարամյա պատմության ինչպես փառապանծ, այնպես էլ՝ ողբերգական էջերին:
Ներկաներին ուղղված իր ողջույնի խոսքում Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը նշել է, որ աշխարհի առաջին քարտեզից սկսած Հայաստանը հիշատակվում է Եփրատ գետից մինչև Կուր գետն ընկած տարածքում՝ հայկական բարձրավանդակում, ինչը և ցույց է տալիս հայ ժողովրդի պատմական հայրենիքի սահմանները։ Դեսպանը նաև հավելել է, որ ցուցահանդեսի կազմակերպումը որևէ քաղաքական նպատակ չի հետապնդում, այլ գիտական և մշակութային հիմքի վրա կառուցված փաստերով ներկայացնում է Հայաստանը պատմական տարբեր շրջաներում՝ միաժամանակ անընդունելի համարելով պատմությունը խեղաթյուրելու, կեղծ «պատմական» փաստարկների միջոցով հայ ժողովրդի պատմությունը նսեմացնելու ցանկացած փորձ:
Եզրափակելով իր խոսքը՝ դեսպան Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել գրադարանի տնօրինությանը և Շյաուլյայի հայ համայնքի ղեկավար Ռաֆիկ Կազարյանին միջոցառման կազմակերպման գործում ցուցաբերած աջակցության համար։
Ողջույնի խոսք է ասել նաև գրադարանի փոխտնօրեն Եկատերինա Պրակապենեն, ով ցուցահանդեսի կազմակերպումը մեծ նվեր է համարել գրադարանին և Շյաուլյայ քաղաքին՝ հավելելով, որ սա դեսպանության, գրադարանի և հայ համայնքի միջև հետ ձևավորված սերտ համագործակցության հերթական վառ դրսևորումն է: Լիտվայի օրենսդիր մարմնի հայ-լիտվական բարեկամական խմբի անդամ Ստասիս Թումենասը նշել է, որ չափազանց այս յուրօրինակ ցուցահանդեսի անցկացումը Լիտվայի տարբեր քաղաքներում մեծ կարևորություն ունի, քանի որ այն հնարավորություն է ընձեռում լիտվացիներին ծանոթանալ հայ ժողովրդի պատմությանն իր ամբողջականության մեջ՝ ժամանակագրորեն, այդ թվում նաև դիտարկելու հայերի և լիտվացիների պատմական զարգացման որոշ ընդհանրությունները։
«Հայաստանը հնագույն քարտեզներում» ցուցահանդեսը բաց է լինելու մինչև ընթացիկ տարվա մարտի 4-ը։