«ԷկոԼուրն» ահազանգ ստացավ Արմավիրի մարզի բնակչից, որ կոյուղին խցանվել է, եւ Արմավիրի մարզի Բաղրամյան եւ Մյասնիկյան համայնքների կոյուղաջրերը Արմավիրի ջրանցքին հարակից դիտահորից լցվում են ջրանցք` առաջացնելով հակասանիտարական վիճակ, հաղորդում է EcoLur.org-ը:
«Քանի որ օրերը տաքացել են, եւ ջրանցքում էլ բացի կոյուղաջրերից այլ ջուր չկա, ահավոր գարշահոտություն է տարածվում շրջակայքում», - ասաց բնակիչը: Նա նշեց, որ արդեն շուրջ մեկ տարի է` կոյուղին լցվում է ջրանցք, որի ջրով ոռոգում է իրականացվում: Ըստ նրա` կոյուղաջրերը ջրանցք են լցվում Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 10 կմ հատվածի հարեւանությամբ, Հացիկ (Նաիրի) գյուղի մոտ: «Բաղրամյանի նախկին շրջանի մուտքի հարեւանությամբ գտնվող հուշարձանի մոտ է գտնվում վթարային վիճակը», - ավելի հստակեցրեց բնակիչը:
ԷկոԼուրն ահազանգն ուղղում է «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ին եւ Ջրային կոմիտեին: