Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունը օրերս հանդես է եկել կոչով՝  մասնակցել փետրվարի 26-ին ժամը 18:00-ին Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքին:

Նախաձեռնության համակարգող խորհրդի անդամ, Հայ ազգային գվարդիայի անդամ Դավիթ Պարյանը, լրագրողների հետ զրույցում ասաց, որ հանրահավքը պետք է դիտարկել աջակցություն Նիկոլ Փաշինյանին և իշխանություններին՝ Արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացում ազգային ու պետական շահերի վստահ առաջմղման համար․ 

«Կամք»-ի համակարգող խորհրդի անդամ, քաղաքական գործիչ Վահագն Չախալյանն էլ նշեց՝ Արցախի հարցի լուծումը տեսնում են ՀՀ-ին միացումով․ «Արցախի հարցում, եթե բանակցային գործընթացները սկսեն ոչ հայանպաստ զարգացում ունենալ, ապա աշխարհի տարբեր անկյուններից հայերը դուրս են գալու փողոց, սակայն եթե մտավախություն չունենք, դա չի նշանաւոմ, որ պետք է քնած մնալ և քայլեր չձեռնարկել։ Քանի դեռ Արցախի հարցի կարգավորումը վերջնական լուծում չի ստացել՝ հանրահավաքները շարունակական են լինելու, իսկ դրա լուծումը ՀՀ-ին միացումն է»,- նշեց նա՝ ընդգծելով, որ ամենամեծ սպառնալիքն ըստ նախաձեռնության՝ ազգամիջյան պառակտումն է, ինչը փորձում են անել որոշ ուժեր։

Խորհրդի անդամներից՝ Գևորգ Գուլումյանն էլ ասաց, որ իրենք վստահում են պետական իշխանությանը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում․ «Սակայն դրան հակառակ հասարակական որոշ անհավասարակշիռ կառույցներ խաղության վերաբերյալ տարօրինակ բանաձևեր են առաջարկում՝ ինչ-որ թեզեր առաջ քաշելով, որոնք, ինչպես պատմական փորձն է ցույց տվել՝ պետականության կորուստ են բերել։ Մենք ամուր կանգնած են մեր հողի վրա»,- ասաց նա՝ նշելով, որ ամեն պահի պատրաստ են լինել Արցախում բնակվող մեր հայրենակիցների կողքին։