Երեկ՝ փետրվարի 23-ին, վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:20 ի սահմաններում Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել երկու քաղաքացի:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վիրավորներն են Արարատի մարզի Ղուկասավան գյուղի բնակիչներ, 17-ամյա Արմեն Խ.-ն և 17-ամյա Արամ Գ.-ն, ովքեր հիվանդանոցում հայտնել են, որ չեն հիշում, թե որտեղ են իրենք դանակահարվել:

Պարզվել է, որ վիճաբանությունը տեղի է ունեցել ժամը 13:00-ի սահմաններում Ղուկասավան գյուղի եկեղեցու մոտ, որի ժամանակ Մասիս քաղաքի բնակիչ, 17-ամյա Հայկ Ա.-ն իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Արսեն Խ.-ի և Արամ. Գ.-ի մարմնի տարբեր մասերին:

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, Արարատի մարզի ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում ժամեր անց կասկածյալ Հայկ Ա.-ն ինքնակամ ներկայացել է ոստիկանության Մասիսի բաժին:

Աղբյուրի տեղեկություններով, հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հանդիսացող դանակը: Կասկածյալ Հայկ Ա.-ն բաց է թողնվել: Վիրավորներից Արսեն Խ.-ն սովորում է իրենց գյուղի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանում, Արամ Գ.-ն՝ ճարտարագիտական քոլեջի 2-րդ կուրսում, իսկ Հայկ Ա.-ն՝ Մասիս քաղաքի գյուղատնտեսական քոլեջի 2-րդ կուրսում: