ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, «Արցախի հերոս» Սամվել Բաբայանի գրասենյակը օրերս դժգոհություն էր հայտնել փետրվարի 18-ին ստորագրահավաքի վերաբերյալ ԱՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընդունած կարգի օրինականությունից և այս առթիվ հրավիրել է ԱՀ ու ՀՀ ՄԻՊ գրասենյակների ուշադրությունը:
Հարցի կապակցությամբ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն ասել է, որ քաղաքացիների կողմից հանրաքվեի նախաձեռնությամբ հանդես գալը կարևոր ինստիտուտ է ժողովրդավարության և մասնակցայնության իրավունքի իրացման գործում, և դրա պատշաճ ապահովման համար պետությունը պարտավորություն ունի կանոնակարգելու ոլորտն ու գործընթացները, ինչը միջազգայնորեն ընդունված պրակտիկա է:
«Ինչ վերաբերում է ԿԸՀ որոշման բովանդակությանը և դրանով ներկայացված սահմանափակումներին, ապա նշեմ, որ լրացուցիչ ուսումնասիրության կարիք կա՝ գնահատելու մարդու իրավունքների և ազատությունների տվյալ սահմանափակումների իրավաչափությունն ու համաչափությունը: Ամեն դեպքում կարևորում եմ, որ մարդու իրավունքների և ազատությունների հանդեպ ցանկացած պետական միջամտություն պետք է ոչ միայն իրավաչափ ու համաչափ լինի, այլ նաև հիմնված լինի մասնակցային ու թափանցիկ գործընթացների վրա»,- ավելացրել է Ա. Բեգլարյանը: