Մելբուռնի քաղաքային դատարանի գլխավոր դատավորը հանել է Ավստրալիայի ամենաբարձրաստիճան հոգեւորականի գործի վերաբերյալ ատենակալների դատավճռի եւ տվյալների հրապարակման արգելքը. Փելը մեղավոր է ճանաչվել երեխաների հանդեպ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու մեջ։ Ինչպես երեքշաբթի տեղեկացրել է SBS հեռուստաալիքը, կարդինալ Ջորջ Փելը մեղավոր է ճանաչվել երեխաների հանդեպ անպարկեշտ վարքի եւ բռնության մեղադրանքի հինգ կետով, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Մելբուռնի քաղաքային դատարանի գլխավոր դատավոր Փիթեր Քրիդը որոշում է կայացրել հրապարակել ատենակալների մեղադրական դատավճիռը կարդինալ Փելի՝ երեխաների հանդեպ 1970-1990 թվականներին կատարած բռնի գործողությունների գործով։ «Այս գործը շատ կարեւոր է հասարակական տեսակետից։ Ատենակալների եւ դատարանի որոշմանն է սեւեռված ողջ աշխարհի մարդկանց եւ լրատվամիջոցների ուշադրությունը, ուստի ես որոշում եմ կայացրել հանել տվյալների հրապարակման արգելքը»,- նշել է Քրիդն իր հայտարարությունում։ Նա նաեւ տեղեկացրել է, որ մերժել է գրավով ազատ արձակել 77-ամյա կարդինալին, եւ վերջինը փետրվարի 27-ին, դատարանում վերջին լսումներից անմիջապես հետո, կալանքի տակ է վերցվել։

Սպասվում է, որ Փելի վերջնական դատավճիռը կկայացվի արդեն ընթացիկ տարվա մարտին։

2018 թվականի դեկտեմբերին Մելբուռնի ատենակալների դատարանը կարդինալին մեղավոր է ճանաչել մեղադրանքի հինգ կետով, ներառյալ երեխաների նկատմամբ անպարկեշտ վերաբերմունքի չորս դեպք եւ սեռական բռնության մեկ դեպք 16-ը չլրացած երեխայի հանդեպ։ Ապացուցվել է, որ 1996 թվականին նրա զոհ է դարձել 13-ամյա երկու տղա, որոնք սովորում էին Սուրբ Քեւին քոլեջում։ Սակայն ատենակալների դատավճիռն այս գործով գաղտնիացված էր դատարանի հատուկ որոշմամբ՝ գործով վկաների պատշաճ պաշտպանություն ապահովելու համար։

Մինչեւ 2014 թվականը Փելը Մելբուռնի եւ Սիդնեյի արքեպիսկոպոսն էր, ինչից հետո ծառայության է կանչվել Վատիկանում, որտեղ դարձել է Սուրբ աթոռի տնտեսական գործերի քարտուղարության ղեկավար։ 2016-ին նա առաջին անգամ բախվել է անչափահասների հանդեպ բռնի վերաբերմունքի մեղադրանքին, բայց առողջական խնդիրների պատճառով չի կարողացել գալ Ավստրալիա, որպեսզի բացատրություններ տա ոստիկանությանը։ 2017 թվականի հունիսին կարդինալն անժամկետ արձակուրդ է վերցրել Վատիկանում եւ կամավոր վերադարձել Ավստրալիա, որպեսզի դատարանում հանդես գա եւ ապացուցի իր անմեղությունը։

Մի քանի փակ դատավարությունների ընթացքում, որոնք տեղի ե ունեցել 2018 թվականի օգոստոս-դեկտեմբերին, մեղադրական կողմին հաջողվել է ապացուցել երեխաների հանդեպ ոտնձգությունների առնվազն հինգ դեպք, որոնք տեղի են ունեցել 1990-1996 թվականներին։ Եվս երկու դեպք, որոնք տեղի են ունեցել 1970-ականներին, ոստիկանությանն ապացուցել չի հաջողվել, այդ մեղադրանքները հանվել են։