Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այցով ժամանել է Մոսկվա։ Իսրայելի կառավարության ղեկավարի ինքնաթիռը վայրէջք է կատարել Վնուկովո-2 օդանավակայանում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
Ինչպես նախօրեին տեղեկացրել էր Կրեմլի մամուլի քարտուղարը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի հյուրի հետ կքննարկի իրավիճակը տարածաշրջանում, այդ թվում Սիրիայում, ինչպես նաեւ երկկողմ հարաբերությունների խնդիրները։
Նեթանյահուի այցը ՌԴ առաջինն է այն բանից հետո, երբ 2018 թվականի սեպտեմբերի 17-ին ռադիոէլեկտրոնային հետախուզության եւ պայքարի ռուսական Իլ-20 ինքնաթիռը խփվեց Սիրիայի ափերին, ինչի հետեւանքով զոհվեց 15 զինծառայող։ 2018 թվականի նոյեմբերի 11-ին Պուտինը եւ Նեթանյահուն կարճ հանդիպում ունեցան Փարիզում։ Մի քանի օր անց Սինգապուրում, մամուլի կոնֆերանսում, Ռուսաստանի նախագահն ասաց, որ Ֆրանսիայում Իսրայելի վարչապետի հետ քննարկել է ԻԼ-20-ի ողբերգությունը։
Նեթանյահուի այցը ՌԴ սկզբում նախատեսվում էր փետրվարի 21-ին, բայց ուղեւորությունը հետաձգվեց Իսրայելում արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ քաղաքական իրավիճակի հետ կապված, որոնք անցկացվելու են ապրիլի 9-ին։