ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանում հայաստանյան պատվիրակության ղեկավար, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը Հայաստանի միջազգային հեղինակության, երկրի նկատմամբ հետաքրքրության բարձրացում է նկատել՝ պայմանավորված հեղափոխությամբ ու ժողովրդավարական ինստիտուտների զարգացմամբ:
Պատգամավորը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում հրավիրված ասուլիսում:
«Այն, ինչ զգացինք ու տեսանք վեհաժողովի խորհրդարանական նստաշրջանի ընթացքում, շատ հաճելի էր: Ակնհայտ էր, որ Հայաստանի միջազգային հեղինակությունն ու վարկանիշը բավական բարձր էր այս ֆորմատում: Բազմաթիվ պատվիրակություններ և պատվիրակությունների ղեկավարներ ցանկություն էին հայտնում հանդիպել մեզ հետ, քննարկել, ավելի մանրամասն տեղեկանալ Հայաստանում տեղի ունեցած գործընթացների մասին: Եվ ես համոզված եմ, որ այս ամենը շատ կարևոր կապիտալ է, և այս կապիտալը մեր պատվիրակությունը պետք է ռեալիզացնի»,-ասաց Կոնջորյանն ու հավելեց, որ իրենք պիտի կարողանան Հայաստանի հետաքրքրությունները և պետական շահը հավուր պատշաճի ներկայացնել ու զարգացնել:
Պատգամավորը նկատել է՝ նախկինում նման հարթակներում Հայաստանի նկատմամբ ընկալումն ու հետաքրքրությունը առավելապես կենտրոնացած է եղել մեր արտաքին քաղաքական գլխավոր օրակարգային հարցի՝ Ղարաբաղյան հարցի կոնտեքստում: Այդ հարցն այժմ էլ շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում, սակայն նա նկատել է, որ կա մեկ այլ ուղղություն, որի մասով հետաքրքրությունը ևս մեծ է Հայաստանի նկատմամբ: «Դա Հայաստանում ժողովրդավարական զարգացումների, ժողովրդավարական ինստիտուտների կայացման, հեղափոխությունից հետո նոր Հայաստանի իրողություններով պայմանավորված հետաքրքրությունն է: Դա մեզ հնարավորություն է տալիս, որ բազմավեկտոր կերպով ներգրավվենք այս ձևաչափի աշխատաքներին, որտեղ ներկայացված է 57 երկիր: Շատ լավ հարթակ է մեր պետական շահը ներկայացնելու համար»,-նկատեց Կոնջորյանը:
Փետրվարի 21-22-ը Վիեննայում տեղի է ունեցել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը: Դրան նաև մասնակցել է ՀՀ ազգային ժողովի պատվիրակությունը: Պատվիրակության կազմում են եղել Հայկ Կոնջորյանը, Անի Սամսոնյանը, Տիգրան Ուրիխանյանը, Մարիա Կարապետյանը, Համազասպ Դանիելյանը:
Պատվիրակության անդամները հանձնաժողովներում, մշտական հանձնաժողովում, երեք ընդհանուր հանձնաժողովների համատեղ նիստում ակտիվորեն հանդես են եկել ելույթներով, ներկայացրել են Հայաստանում տեղի ունեցած և ունեցող իրադարձությունները: