Հայաստանը հավատարիմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը՝ հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված իրողությունները և հիմնվելով միջազգային օրենքի հիմնարար սկզբունքների, մասնավորապես՝ ազգերի ինքնորոշման իրավունքի վրա: Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի լիագումար նիստի ընթացքում ունեցած ելույթում այս մասին ասել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը:

 

«Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի Դաշնության դերը՝ որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր: Ստիպված եմ ցավով արձանագրել, որ չնայած մեր երկրների միջև առկա դաշնակցային հարաբերությունների բարձր մակարդակին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ռուսական կողմի հետևողական ջանքերին, մեր որոշ ռուս գործընկերներ տառացիորեն երեկ Բաքվում մասնակցել են ընդգծված հակահայկական ուղղվածություն ունեցող ակցիայի, որը հակասում է տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման ոգուն: Ավելին՝ արդարացի անհանգստություն է առաջացնում  այդ միջոցառմանը հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի որոշ անդամների մասնակցությունը»,-ասել է Միրզոյանը:

Նա նաև հավելել է, որ հայ-ռուսական համագործակցության կարևորագույն  ուղղություններից  մեկն աշխարհում ընդհանրապես և Հարավային Կովկասի տարածաշրջանում մասնավորապես խաղաղության ապահովումն ու կայունության պահպանումն է: «Մենք դեմ ենք հանդես գալիս հակամարտությունները ռազմական ճանապարհով լուծելու փորձերին և ողջունում ենք նախաձեռնությունները, որոնք միտված են մեր մոլորակում խաղաղությանը և կայունությանը: ՀՀ ԱԺ նախագահն այս առումով կարևորել է Հայաստանի կողմից Սիրիա մասնագետների մարդասիրական խումբ ուղարկելու քայլը: Արարատ Միրզոյանը ռուսական կողմին շնորհակալություն է հայտնել վերջին տարիների ընթացքում Հայաստանի կողմից հումանիտար աջակցությունը Սիրիա հասցնելու հարցում ցուցաբերած աջակցության համար:

ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է նաև հայ-ռուսական հարաբերություններին՝  ընդգծելով, որ դրանք առանձնահատուկ բնույթ ունեն: «Մեր հարաբերությունների ամրապնդումը և այդ ճանապարհին հնարավոր խոչընդոտների հաղթահարումը մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է: Այս կոնցեպցիան իր արտացոլումն է գտել օրերս Հայաստանի Ազգային ժողովի կողմից հաստատված Հայաստանի կառավարության 5-ամյա ծրագրում, ինչը վերը ասվածի վառ ապացույցն է»,- նշել է Արարատ Միրզոյանը: