«Ռուսաստանը՝ որպես տարածաշրջանային երկիր՝ փորձում է պահպանել նորմալ հարաբերությունները և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ: Նրանք միշտ էլ այդպես են վարվել՝ փորձելով հավասարության նշան դնել մեր միջև: Իրենք ինչ-որ բան անում են իրենց շահերից ելնելով, մենք էլ մեր շահերից ելնելով՝ պետք է մեր մտահոգությունն ու վրդովմունքն արտահայտենք»,- ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը՝ անդրադառնալով ռուս խորհրդարանականների մասնակցությանը Բաքվում կայացած հակահայկական ակցիային:

Похожее изображение

 

Նրա խոսքով՝ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո Ռուսաստանի վերաբերմունքը մեր նկատմամբ փոխվել էավելի կասկածամիտ են դարձել. «Բայց մյուս կողմից՝ այնպես էլ չէ, որ մինչ այդ Ռուսաստանը մեր շահերից էր արտահայտվում և այդպիսի միջոցառումների չէր մասնակցում, դա միշտ էլ եղել է: Կարծում եմ՝ շատ մտահոգվելու կարիք չկա, որովհետև պետությունների միջև միջպետական հարաբերություններն այդպիսի ժեստերով չեն պայմանավորված: Իհարկե, պետք է մեր մտահոգությունն արտահայտենք, բայց հեռուն գնացող եզրակացություններ չպետք է անել, որովհետև այնպես չէ, որ Ռուսաստանը մեր 100 %-անոց դաշնակիցն էր և նոր է փոխվել վերաբերմունքը»,- նշեց Բաղդասարյանը:

Անդրադառնալով ռուս պատգամավորների քայլի վերաբերյալ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ու ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանի արձագանքին՝ քաղաքագետը նշեց, որ մեր դիրքորոշման հարցում արտառոց ոչինչ չկար, ավելին՝ գնահատականները դեռ մի բան էլ մեղմ էին. «ՀՀ ԱԺ նախագահն այդ հարցին իր մտահոգությունը հայտնել է, և այդքանով մեր պաշտոնական դիրքորոշումը պետք է սպառված համարվեր: Արձագանքները միանգամայն ճիշտ էին, որովհետև Ռուսաստանը մեր դաշնակիցն է, ղարաբաղյան կարգավորման հարցում համանախագահող երկիր է և պարտավոր է չեզոքություն պահել, այնինչ իրենց որոշ պատգամավորների արարքը՝ մասնակցել ակնհայտ հակահայկական ակցիայի՝ դրա մասին չի խոսում: Սա իրոք մտահոգիչ է և կարող է կարծիք արմատավորել, թե Ռուսաստանը չեզոք չէ»,-ասաց նա՝ նշելով, որ ռուսական կողմը վստահ էր՝ ինչ արձագանքներ են լինելու:

Քաղաքագետը դժվարացավ ասել, թե որքանով են ռուս պատգամավորները ներկայացնում պետական տեսակետը, բայց ամեն դեպքում, նրանց կողմից արված քայլը սխալ համարեց. «Խարխլել են մեր վստահությունը Ռուսաստանի նկատմամբ ոչ թե որպես դաշնակցի, այլ՝ որպես Ղարաբաղյան հարցում միջնորդի»,- ասաց նա:

Սոնա Հարությունյան