Այդ ցանկությունն առաջին հերթին առաջացել է կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի մոտ և, բնականաբար, կարծում եմ՝ իր խորհրդականի: Այս մասին այսօր՝փետրվարի 28-ն, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստից հետո մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն՝ անդրադառնալով այն հարցին՝ թե ինչու է հոգաբարձուների խորհուրդն ուզում, որ նա վաղաժամկետ հեռանա պաշտոնից:
«Արայիկ Հարությունյանն ու իր օգնականը ԵՊՀ-ից են և երևի նրանց դուր չի եկել իմ աշխատելաոճը, իմ կողմից համալսարանի ղեկավարումը, թեև որևէ քաղաքավարությունից դուրս խոսակցություն՝ մենք չենք ունեցել: Ինչ վերաբերում է Հոգաբարձուների խորհրդին, ես որևէ բան հիմա չեմ կարող ասել, թե հոգաբարձուների խորհրդի անդամների մտածմունքները այն մասին, թե համալսարանն ով պետք է ղեկավարի: Ես չեմ ուզում դրա մասին խոսել, որովհետև իմ իրավասությունների մեջ չի մտնում»-ասաց Սիմոնյանը:
Սիմոնյանը նշեց, որ միանգամայն համաձայն է այն տեսակետի հետ, որ առաջ քաշված օրակարգն իրավական դաշտի տեսակետից միանգամայն կամայական է, որովհետև չունի ոչ մի լուրջ հիմնավորում:
«Ես ժամկետով ընտրված ռեկտոր եմ և իմ ժամկետին դեռ մեկ տարի կա: Կասկածի տակ դնել դրա լեգիտիմությունը՝ ոչ ոք չի կարող: Ինչքան էլ ասեն, որ նախորդ հոգաբարձուների խորհուրդը բռնապետական էր, դա ինձ համար բացարձակ հեռու է ճշմարտությունից»:
Սիմոնյանի խոսքով՝ այստեղ կա քաղաքական խնդիր:
«Չեմ թաքցրել և հիմա էլ չեմ թաքցնում. ես Հանրապետական կուսակցության անդամ եմ 1997 թվականի սկզբից: Ես այս կուսակցության անդամ եմ դարձել ոչ թե որ մտածել եմ կարիերայի մասին, այլ՝ որ ունեմ հստակ գաղափարներ: Ես Նժդեհի ազգային պահպանողական գաղափարների ջատագովն եմ: Ես կուսակցական եմ, բայց ես համալսարանի՝ իմ դերակատարությունը չեմ խառնել իմ կուսակցական լինելու հետ. ոչ ոք ինձ դրանում չի կարող համոզել և ապացուցել: Ավելին՝ ԵՊՀ-ն կուսակցական խաղերի և կուսակցական գործունեության տեղ չի և չի կարող լինել»:
Նշենք, որ ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի այսօր՝ փետրվարի 28-ի նիստը, ըստ էության, տապալվեց, քանի որ հոգաբարձուների խորհրդի անդամները չհաստատեցին նիստի օրակարգը։