ՀՀ մշակույթի նախարարության Խորեոգրաֆիայի պետական թատրոնի նախկին տնօրենն անօրինական հյուրախաղեր է նախաձեռնել: Ասուլիսում ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը նշեց, որ թատրոնի նախկին տնօրենը նախատեսում էր ներկայացում կազմակերպել Գյումրիում:
«Ինչպես գիտեք, թատրոնի նախկին տնօրենի աշխատանքային պայմանագրի ժամկետը լրացել էր 2018 թվականի դեկտեմբերին: Այդ ժամանակ Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հրամանով ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Լիլիթ Փալանջյանը: Նախկին տնօրեն Գայանե Կարապետյանը դեռ չի վերադարձրել կնիքը, մինչև օրս չի ազատել տարածքը, չի ներկայանում հանձնաժողովի նիստին, որ հանձնման ընդունման գործընթացը կայանա: Բայց նա օրենքից դուրս հյուրախաղեր է կազմակերպում»,-ասաց Նազենի Ղարիբյանը: Երբ եղել է Գյումրիում թատրոնի հյուրախաղերի մասին հայտարարությունը, Նազենի Ղարիբյանը զանգահարել է Վարդան Աճեմյանի անվան պետական թատրոնի տնօրենին և ներկայացրել իրավիճակը:
«Ես պատահաբար տեսնում եմ հայտարարության տեքստն այն մասին, որտեղ գրված է, որ Մշակույթի նախարարության Խորեոգրաֆիայի պետական թատրոնը պատրաստվում է ներկայացում խաղալ: Այնինչն, չկա դրա մասին հրաման, գործուղման թուղթ, հետևաբար դա ապօրինություն է: Ես զանգահարեցի Գյումրի, ներկայացրեցի իրավիճակը՝ ասելով, որ եթե մասնավոր խումբ են ներկայանում, ապա ոչ մի խնդիր, իսկ եթե որպես Մշակույթի նախարարության Խորեոգրաֆիայի պետական թատրոն, ապա դա անօրինական գործունեություն է»,-ասաց նա: