«168 ժամ» թերթը գրում է.
«Չնայած Նիկոլ Փաշինյանի հայտարարած թռիչքային աճին ու հեղափոխական զարգացմանը` միջազգային ֆինանսական կազմակերպություններն առաջիկա տարիներին Հայաստանում ոչ մի տնտեսական հրաշք էլ չեն ակնկալում։ Նրանց կանխատեսումներով՝ միջինժամկետ հատվածում մեր երկրի տնտեսությունը կգտնվի չափավոր աճի տիրույթում, եւ՝ ոչ ավելին։
Խոսքն ընդամենը 4,3-5 տոկոսի մասին է, ինչն անգամ մեծագույն ցանկության դեպքում դժվար է հեղափոխական համարել։ Նման աճի պայմաններում, անշուշտ, անիմաստ է լուրջ ակնկալիքներ ունենալ՝ ինչպես ընդհանրապես տնտեսության, այնպես էլ՝ սոցիալական ոլորտում։ Ու որքան էլ կառավարությունը խոսի ներառական տնտեսական աճ ապահովելու իր մտադրությունների մասին, 4-5 տոկոսն այն մակարդակը չէ, որը կարող է բերել հասարակության սոցիալական վիճակի բարելավմանը։ Դրա համար անհրաժեշտ է ապահովել շատ ավելի բարձր` տարեկան առնվազն 7-7,5 տոկոս տնտեսական աճ։ Մի բան, ինչի հեռանկարները միջազգային կառույցներն այսօր Հայաստանում չեն տեսնում։ Այդպիսին են՝ ինչպես Համաշխարհային բանկի, այնպես էլ՝ Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատականները։
Հիմա ո՞ւմ պետք է հավատալ՝ Նիկոլ Փաշինյանի՞ն, թե՞ միջազգային հեղինակավոր կազմակերպություններին։ Սա նշանակում է, որ փոխարենը թռիչքաձեւ առաջ գնալու, ինչպես ոչ վաղ անցյալում խոստանում էր Նիկոլ Փաշինյանը, սպասվում է տնտեսական աճի դանդաղում` նախորդ երկու տարիների համեմատ։
Հիշեցնենք, որ 2017թ. Հայաստանում արձանագրվեց համախառն ներքին արդյունքի՝ 7,5, իսկ 2018թ.` 5,2 տոկոս ավելացում։ Արտաքին ֆինանսական հոսքերի առումով իրականում խնդիրներ կան։ Դրանք սկսեցին դրսեւորվել դեռեւս անցած տարվա վերջից։ Առանձին ամիսներին արձանագրվեց մասնավոր փոխանցումների անկում, ինչը ուղեկցվում է մեկ այլ մտահոգիչ երեւույթով. գնալով ավելանում է ֆինանսական միջոցների արտահոսքը։ Սա լուրջ ռիսկ է Հայաստանի տնտեսության ու ֆինանսական հատվածի համար։ Չկան նաեւ դրսից ակնկալվող տնտեսական կապիտալի հոսքերը։
Ինչեւէ, անկախ նրանից, թե ինչ է խոստանում Նիկոլ Փաշինյանը Հայաստանի տնտեսությանը եւ հասարակությանը, մի բան ակնհայտ է, որ միջազգային երկու հեղինակավոր կառույցները հավատ չունեն հայտարարված թռիչքաձեւ զարգացումների եւ տնտեսական հեղափոխության նկատմամբ։ Իսկ դա արդեն լավ չէ։ Թեեւ այլ կերպ չէր էլ կարող լինել։ Հասարակությունը սկսել է գիտակցել, որ Նիկոլ Փաշինյանը ոչ մի կախարդական փայտիկ էլ չունի, որով կարող է երկրում տնտեսական ու սոցիալական իրավիճակ փոխել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում