Մարտի 4-ին Փարիզում գերեզմանատներն ու զբոսայգիները այցելության համար փակվել են սաստիկ քամու պատճառով: Այդ մասին Ֆրանսիայի մայրաքաղաքի քաղաքագլուխը նախազգուշացրել է Twitter-ի իր պաշտոնական էջում:

«Զբոսայգիները, այգիներն ու գերեզմանատները փակված են եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով»,- ասված է հաղորդագրության մեջ: Ավելի վաղ Մետեո-France ազգային օդերևութաբանական ծառայությունը հայտարարել էր 44 դեպարտամենտներում, այդ թվում՝ Իլ դե Ֆրանս մայրաքաղաքային տարածաշրջանում, մոլեգնող սաստիկ քամու պատճառով մետեոտագնապի նախավերջին (նարնջագույն) մակարդակ սահմանելու մասին: Ինչպես նշել են օդերևութաբանական ծառայությունում, ներքին դեպարտամենտներում քամու պոռթկումներն սպասվում են մինչև 110 կիլոմետր/ժամ, իսկ Ատլանտյան օվկիանոսի առափնյա դեպարտամենտներում՝ մինչև 130 կիլոմետր ժամ արագությամբ: Մետեո-France-ում նաև նշել են, որ եղանակային պայմանները կարող են ազդել օդային, ծովային և երկաթուղային փոխադրամիջոցների աշխատանքի վրա և էլեկտրականության մատակարարման ու հեռախոսակապի խափանումներ առաջացնել: Օդերևութաբանները երկրի բնակիչներին կոչ են արել հնարավորինս հրաժարվել ուղևորություններից և տուն տեղափոխել այն բոլոր իրերը, որոնք կարող է տանել քամին: