Իսրայելում խարդախության մեջ մեղադրվող Մարի Աղաջանյանի գործը լուրջ անհանգստություն է առաջացրել տեղի անվտանգության ուժերի շրջանում: Հայաստանում մարտի 4-ին Ինտերպոլի օպերացիայի շրջանակում, որն անցկացվում էր Իսրայելի իշխանությունների դիմումով, ձերբակալվել է Մարի Աղաջանյանը: Նա 2017 թվականի նոյեմբերին խարդախության համար դատապարտվել է 26 ամսվա ազատազրկման: Գործը կապված է եղել ներգաղթյալների ֆինանսական հարցերի հետ: Մարի Աղաջանյանը բանտում չէր հայտնվել՝ կարողանալով փախչել: Այս մասին տեղեկացնում է «The Jerusalem post»-ը՝ հղում կատարելով «Channel 12»-ին:
Ոչ ոք չէր նկատել Աղաջանյանի անհետացումը, քանի դեռ « Kan News » -ն այս հարցը չէր քննել փաստագրական ֆիլմում: «Ես ունեմ արտերկրի անձնագիր և ես հեռացել եմ Իսրայելից իմ այդ անձնագրով: Ես փախել եմ անարդարությունից, որպեսզի լինեմ իմ աղջկա հետ»,- «Kan News »-ի հետ հեռախոսազրույցում ասել է Աղաջանյանը:
Աղաջանյանը մեկ անգամ չէ, որ փախել է Իսրայելից առանց իրավապահների իմացության: Նա կարողացել է մեկ անգամ վերադառնալ երկիր, այցելել իր ծնողներին և կրկին առանց խոչընդոտի դուրս գալ: Այս միջադեպը լուրջ անհանգստություն է առաջացրել Իսրայելի անվտանգության ուժերի շրջանում:
Լրատվամիջոցները հիշատակում են այն մասին, որ Աղաջանյանը որպես մենեջեր աշխատել է իսրայելցի քաղաքական գործիչ, նախկինում Տուրիզմի նախարար Ստաս Միսեժնիկովի գրասենյակում:
Նշենք, որ ՀՀ ոստիկանությունը տեղեկություն էր տարածել այն մասին, որ «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության գծային բաժնի քրեական հետախուզության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Երևան-Թբիլիսի չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, մարտի 2-ին, ժամը 08.45-ին բերման է ենթարկվել Իսրայելի քաղաքացի, 24-ամյա Մերի Ա.-ն, որը 2018թ. դեկտեմբերի 27-ից խարդախության մեղադրանքով հետախուզվում էր Իսրայելի իրավապահ մարմինների կողմից: