Երկրապահ կամավորականների միությունը շնորհավորական ուղերձ է հղել Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-րդ տարեդարձի կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Երկրապահ կամավորականների միությունը շնորհավորում է հայ ժողովրդին՝ իր փառապանծ զավակի՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-րդ տարեդարձի կապակցությամբ: Մարտի 5-ը երկրապահական տոնացույցի կարևորագույն օրն է: Հպարտության օր: Մարտի 5-ը ՀՀ և Արցախի հերոս, պետական, քաղաքական գործիչ Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է: Մարդ, ով ողջ կյանքն ու գործունեությունը նվիրեց իր ազգին, ժողովրդին, հայրենիքին: Երկրապահի հիմնադիր նախագահ, հայոց ազգային բանակի առաջին ղեկավար Վազգեն Սարգսյանը մեծություն է՝ բոլոր ժամանակների ամենահզոր անհատականություններից մեկը: Տաղանդաշատ, հայրենասեր և հայրենիքի նվիրյալ այս անհատականությանը ժողովուրդն է իրավմամբ Սպարապետ կոչել: Գրիչը զենքով փոխարինած և հայրենիքի պաշտպանության դժվար գործը ստանձնած Վազգենն այսօր կտոներ իր 60 ամյակը, եթե չլիներ դավաճանի կույր գնդակը:

Ընդամենը քառասուն գարուն, որն իր մեջ ամփոփում էր մի ողջ դարաշրջան… Հրաշքների չհավատացող Սպարապետը հավատում էր, որ հաղթանակը մերն է լինելու: Վազգեն Սարգսյանի անսպառ եռանդն ու անձնուրաց նվիրումը տվել են իրենց արդյունքը. Հայաստանի սահմանները հայոց բանակն է պաշտպանում, ազատագրված Արցախը ուխտատեղի է դարձել աշխարհասփյուռ հայության համար, իսկ Սպարապետի հետնորդները՝ պատանի երկրապահները, հայրենասիրություն և ազգասիրության դրոշակակիրներ են: Վազգեն Սարգսյանն իր ապրած կյանքով ապացուցեց, որ հերոսներ ծնվում են բոլոր ժամանակներում, երբ ժողովուրդն ունի նրանց կարիքը, երբ պահն է օրհասական…

Շնորհավո՛ր ծննդյանդ օրը, հայ ազգի արժանի՛ զավակ»: