Մի քանի հիվանդանոցների գլխավոր բժիշկներ հարց են ուղղել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին։ Բժիշկները հիշեցնում են նախարարի հայտարարությունը, ըստ որի՝ փետրվարի մեկից մեկնարկում է գլխուղեղի անոթների իշեմիկ ինսուլտի բուժման ծրագիր, և որ պետպատվերը կգործի ընդամենը երկու հիվանդանոցում։ Հիվանդանոցների տնօրենները հայտարարում են՝ ուղղորդել պետպատվերը բացառապես այդ երկու հիվանդանոցներ՝ թաքնված կոռուպցիա է և նշում են, որ իրենց հիվանդանոցները ևս ունեն այդ ծառայությունները մատուցելու անհրաժեշտ պայմանները։
ԱԺ ՄԻՊ և ՀՑ մշտական հանձնաժողովի նիստին Արսեն Թորոսյանը նշեց, որ ներդրվել է ծրագիր, որն այնպես է մշակվել, որ հիվանդանոցը պետք է ունենա համապատասխան հիվանդներին բուժելու հնարավորություն։
«ՀՀ-ում ամենասկզբում եղել է ընդամենը երկու հիվանդանոց՝ Էրեբունի ԲԿ-ն և Հերացին, այժմ ապարատային հնարավորություն ունեն ևս մի քանի հիվանդանոցներ։ Սա կյանք փրկող ծրագիր է, եթե հաջողվի՝ մենք հավելյալ միջոցներ կգտնենք ծրագրի համար։ Եթե կլինեն այլ հիվանդանոցներ, որ կկարողնանան էդ փակ ցիկլը անել, մենք իրենց էլ կներգրավենք»,-ասաց նախարարը։